National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
31.05.2013
Երեւանում տեղի ունեցավ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը
1 / 9

Մայիսի 31-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում իր աշխատանքը սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր 85 պատվիրակ 35 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Անդորայից, Հունաստանից:

ԵԽԽՎ նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հարգարժան պարոն նախագահ,

Հարգելի արտաքին գործերի նախարար,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Հուսով եմ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում` Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն Էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով` ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով եւ գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ` 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին` վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին:

Այսօր, կազմակերպությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա նշանակալից իրադարձություն է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն մեզ համար:

Իր նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները` այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց:

Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետեւողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության եւ արդյունավետության բարձրացումը:

Հարգելի ներկաներ,

Դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում, ինչպես տեսնում ենք, այս խնդիրները դեռեւս օրակարգային են: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաեւ անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական եւ քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը: Տեղին է հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը. «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն»: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն եւ նպատակային` գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:

Կցանկանայի առանձնակի ընդգծել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարեւորությունը: Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում եւ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն` Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաեւ Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաեւ խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը:

Կրկին ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք»:

Այնուհետ ելույթ ունեցավ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Նա նշեց, որ ԽՎ-ը լիովին սատարում է Հայաստանի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկրի առաջնահերթությունները, որոնք ամբողջովին համահունչ են Վեհաժողովի գործունեության հիմնական ուղղություններին:

Խոսելով ռասիզմի դեմ պայքարից եւ միջմշակութային երկխոսության խթանումից՝ ԵԽԽՎ նախագահը հայտարարեց, որ դրանք իրական մարտահրավերներ են կազմակերպության եւ նրա բոլոր անդամ պետությունների համար եւ իր գոյության 60 տարիների ընթացքում վեհաժողովը բազմաթիվ բանաձեւեր է ընդունել հենց ռասիզմի դեմ պայքարի թեմայով:

Խոսելով տարածաշրջանի երկրներից՝ Ժան-Կլոդ Մինյոնը համոզմունք հայտնեց, որ ԵԽ-ին անդամակցելուց ի վեր՝ Հարավկովկասյան երկրները առաջընթաց են արձանագրում ժողովրդավարական հասարակություն կերտելու եւ ԵԽ հիմնարար արժեքները հարգելու ուղղությամբ: «Եվրոպայի խորհուրդը հիմնարար դերակատարում ունի տարածաշրջանում եւ հայկական, ադրբեջանական ու վրացական իշխանությունները մեր քաղաքական եւ փորձագիտական օժանդակության կարիքն ունեն, որպեսզի առաջ տանեն բարեփոխումները»,- իր խոսքում ասաց ԵԽԽՎ նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ԵԽԽՎ-ն խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնագիտացված ձեւաչափում բանակցությունների անցկացումը եւ ավելացրեց. «Դա է միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը, բայց միեւնույն ժամանակ, որպես ԵԽԽՎ անդամներ, մենք պետք է խրախուսենք քաղաքական հաշտեցումը եւ երկխոսությունը պետությունների ընտրված ներկայացուցիչների միջեւ` խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»:

Նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց եվրոպական ամենահին եւ հեղինակավոր կառույցում` Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները եւ գործունեության ծրագիրը: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի եւ ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը` ընդգծելով, որ այդ կառույցներն միեւնույն նպատակն են հետապնդում` առաջ մղել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության արժեքները:

ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն: «Մենք արտահայտում ենք մեր մեծ աջակցությունը հիմնախնդրի լուծման մանդատն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու համար», -նշվում է հայտարարության մեջ: Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության հնարավորությունները, որպես ԵԽ երկու անդամներ, հասնել հաշտեցման, ինչպես նաեւ արագացնել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Վեհաժողովը պատրաստ է անել ամեն ինչ խորհրդարանական դիվանագիտության միջոցով արագացնել բանակցությունները եւ փոխվստահություն հաստատել երկու անդամ երկրների խորհրդարանականների միջեւ:




27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am