National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.06.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց   «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը: Հարցի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները:

Պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Զարուհի Փոստանջյանը դեմ արտահայտվեցին  նախագծին, հիմնավորելով, որ ներկայացված չէ ոչ ծրագիր, ոչ աշխատանքների իրականացման ժամանակացույց, ուստի առաջարկեցին դեմ քվեարկել  նախագծին:

Հարցի  կապակցությամբ արտահերթ ելույթ ունեցավ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:   Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝  կառավարությունը ներկայացրել է մի  օրինագիծ, որն օգտակար եւ արդյունավետ է մեր պետության,  բյուջեի համար,  ուստի խորհրդարանը  պարտավոր է  քննարկել եւ տալ համաձայնություն: ԱԺ նախագահն իր համաձայնությունը հայտնեց  Հրանտ  Բագրատյանի բարձրացրած հարցին, ըստ որի՝ նախագծին կից պետք է լինի նաեւ ծրագիր: ԱԺ նախագահը մանրամասնեց, որ նախորդ օրը, հարցի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների  նախարարը եւ փոխնախարարը տեղեկացրել են, որ Պետական եկամուտների կոմիտեն վերահսկելու է  նախագիծը եւ  նախահաշիվ է ներկայացվելու ՊԵԿ-ին: ԱԺ նախագահը կարեւոր համարեց  ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ապահովումը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ ԱԺ նախագահը   կարեւորեց առողջ քննադատությունը եւ ՀՀ կառավարությանն առաջարկեց  խորհրդարանին,  գլխադասային հանձնաժողովին եւ խնդրով հետաքրքրված պատգամավորներին ներկայացնել ծրագիր, որը  հնարավորություն կտա ծանոթանալու իրականացվելիք աշխատանքներին եւ կատարման փուլերին:  ԱԺ նախագահը                 մեկ անգամ եւս կարեւորելով ներկայացված նախագիծը՝  պատգամավորներին հորդորեց հնարավորինս աջակցել հանրապետությունում ներդրումների խթանմանը՝ այդ նպատակով օգտագործելով առկա հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը գործընկերներին  առաջարկեց աջակցել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին»  կառավարության նախագծին եւ  նպաստել  հանրապետությունում աշխատատեղերի ավելացմանը, գործազրկության նվազեցմանը եւ դրանով մասնակցել բնակչության սոցիալական խնդիրների   կարգավորմանը:

Շարունակելով մտքերի փոխանակությունը՝ նախագծի ընդունմանը կողմ  արտահայտվեցին պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Միքայել Մելքումյանը, Արտակ Դավթյանը, Սամվել Ֆարմանյանը, ովքեր նշեցին այն դրական փոփոխությունները, որոնք կհաջորդեն դպրոցի գործարկմանը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ  նշեց, որ դեմ չէ դպրոցի հիմնադրմանը, պարզապես անհրաժեշտ է համարում ունենալ մանրամասն ծրագիր, որը կփարատի բոլոր մտահոգություններն ու կասկածները:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաեւ ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ողջունելի համարելով նախագծի  գաղափարը, եւս անհրաժեշտ համարեց  ծրագրի առկայությունը:  Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը հետագա քննարկումներում կփոխվի, եթե ներկայացվելիք ծրագիրը փարատի իրենց կասկածներն ու մտավախությունները:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս ողջունելի համարելով նախագծի գաղափարը՝ կառավարությունից պահանջեց ներկայացնել   տեղեկանք, որի միջոցով խորհրդարանը կծանոթանա նախատեսված աշխատանքներին եւ հնարավոր ռիսկերին:  Նա առաջարկեց հետաձգել օրինագծի քննարկումը՝ մինչ ծրագրի ստացումը:

«ՀԱԿ» խմբաքկցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ խմբակցությունը բոլորովին դեմ չէ ներդրումներին եւ Դիլիջանում  դպրոցի հիմնադրմանը, սակայն, ինչպես գործընկերներից շատերը, ցանկանում են տեղեկանալ ծրագրի մանրամասներին եւ կրթական բաղադրիչներին:

ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը զարմանալի համարելով գործընկերների՝  նման քննադատական  դիրքորոշումը՝ կոչ արեց կողմ քվեարկել օրինագծին, քանի որ այն  նպաստելու է   գործազրկության նվազեցմանը, աշխատատեղերի աճին, տարածաշրջանում կրթական կենտրոն դառնալուն եւ այլն: Բացի այդ՝ ծրագիրը լինելու է շարունակական, գործունեության վերաբերյալ ներկայացվելու են հաշվետվություններ :

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հավաստիացրեց, որ կներկայացվի մանրամասն ծրագիր, եւ պատգամավորները հնարավորություն կունենան ստանալու  իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Այնուհետեւ խորհրդարանն սկսեց քննարկել «ՀՀ  2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը», որը մինչ խորհրդարանի լիագումար նիստում քննարկման ներկայացվելը՝ մանրամասն քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն անդրադառնալով հաշվետու  տարվա ֆինասական ցուցանիշներին, նշեց, որ 2012 թվականին գրանցվել է  7,2 տոկոս տնտեսական աճ, 12-ամսյա գնաճը կազմել է 3,2 տոկոս՝ պահպանվելով թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում: Արձանագրվել է 7,4 տոկոս պետական բյուջեի եկամուտների անվանական աճ, ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2 տոկոս: Հաշվետու տարում արտահանումը դոլարային արտահայտությամբ  աճել է 7 տոկոսով, կազմելով 1428,1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ  ներմուծումը դոլարային արտահայտությամբ աճել է 2,9 տոկոսով, կազմելով 4266,8 մլն ԱՄՆ դոլար: Եկամուտները հաշվետու տարում կազմել են 911,6 մլրդ դրամ,  ծախսերը, որոնք աճել են 2 տոկոսով, նախատեսվել էր 1,044,2 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացվել է 33 մլրդ դրամով:  Պակասուրդը կազմել է 59,9 մլրդ դրամ: 2012 թվականին համախառն ներքին արդյունքը/ ՀՆԱ/ ընթացիկ գներով  կազմել է 3981,5 մլրդ դրամ, ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն աճել է 7,2 տոկոսով, դեֆլյատորի 1,6 տոկոսի անկման պայմաններում: Տնտեսության չորս ճյուղերում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինանարություն, ծառայություններ, արձանագրվել են իրական  աճի ցուցանիշներ: Պետական պարտքի սպասարկման համար տրամադրվել է 40.7 մլրդ դրամ, կամ ծրագրվածի 92,9 տոկոսը: Շեղումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի տնտեսմամբ:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հարակից ելույթում տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը հաշվետու տարում իրականացրել է հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն, որը միտված է եղել մի կողմից՝ տնտեսության ակտիվության վերականգնմանը, մյուս կողմից՝ պարտքի արդյունավետ կառավարմանը: Հանրապետության գլխավոր դրամատան դրամավարկային քաղաքականությունը եղել  է չեզոք, անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

ՀՀ Վերահսկիչ պալատի դրական եզրակացությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի  անդամ Սեյրան Ավագյանը: Ըստ այդմ՝  Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ ՀՀ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ» տարեկան հաշվետվությունում եկամուտների, ծախսերի եւ պակասուրդի ամրագրված ցուցանիշները արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացնեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաշվետվության վերաբերյալ քննարկումները կշարունակվեն մայիսի 12-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am