Սեպտեմբերի 2-ին ՀՀ Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՔՀԿ անդամերը տեղեկացրին, որ, ստեղծելով աշխատանքային խումբ, կազմակերպել են հանդիպումներ Ջերմուկում, Գավառում, Գյումրիում՝ հնարավորություն ընձեռելով համայնքների բնակիչներին բարձրաձայնել համայնքներում եւ մարզերում օրենսդրական լուծում պահանջող բնապահպանական եւ գյուղատնտեսական հիմնախնդիրները:
Քննարկվեց Սեւանա լիճը թափվող գետերի վրա կառուցվող փոքր հէկ-երի հարցը, որոնք, ըստ ՔՀԿ ներկայացուցիչների, խաթարում են էկոհամակարգը: ՔՀԿ աշխատանքային խումբը, կարեւորելով սննդի անվտանգության ոլորտում օրենսդրական բարեփոխումները, առաջարկեց օրենսդրորեն կարգավորել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, հատկապես ԳՄՕ սերմերի ներկրումը Հայաստան: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ բնապահպանական փորձաքննության օրենսդրական փոփոխություններին եւ գյուղական համայնքներում տարվող դրամավարկային քաղաքականությանը:
Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, կարեւորելով բարձրացված խնդիրները, խոստացավ ուսումասիրել ներկայացված նյութերը եւ առաջիկայում կազմակերպել նոր հանդիպում՝ քննարկելու խնդիրների լուծման ճանապարհները: