Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ:
Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն աշխատանքը, որ տեւական տարիներ իրականացնում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ արդարության գաղափարների տարածմանն ու եվրոպական ինտեգրման գործընթացին։ Կողմերը քննարկեցին Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ՝ կարեւոր է, որ չվտանգվի Եվրամիության հետ երկխոսությունը եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Կողմերը քննարկեցին, թե ինչպես կարող է հիմնադրամը օժանդակել խորհրդարանի կառույցներին եւ առաջին հերթին եվրոպական ինտեգրման հանձնաժողովին՝ եվրոպական ինտեգրման գործընթացը արդյունավետ շարունակելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւս: