National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին
1 / 4

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ առկա հարաբերությունների աշխուժացմանն ու խորացմանը: «Ուրախ եմ, որ հյուրընկալում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր, տնտեսապես ամենահզոր եւ հայ սփյուռքի ամենաստվար զանգվածներից մեկի հայրենիքը հանդիսացող Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի պատվիրակությանը, որի կազմում են նաեւ հայազգի օրենսդիրներ Քաչո Աչաջյանը եւ Ադրին Նազարյանը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Նա գոհունակությամբ նշեց, որ անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում քաղաքական շփումների բարձր մակարդակով եւ այսօր էլ այդ հարաբերությունները զարգացման վերընթաց բնույթ են կրում: Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործակցությունը տարբեր ոլորտներում` ԱԺ նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական կապերի ընդլայնումը: «Խորհրդարանական դիվանագիտությունն այսօր մեծ դերակատարություն ունի ոչ միայն բազմակողմ, այլ նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` ՀՀ Ազգային ժողովի եւ Կալիֆորնիայի նահանգային ժողովի հետ գործակցությունը կվերածվի բազմակողմ ձեւաչափով համագործակցության:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ իրենց այցը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը տարբեր ուղղություններով, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը: Նա կարեւոր համարեց Կալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումը: Պարոն Պերեսը բարձր գնահատեց հայ համայնքի դերը Կալիֆորնիայի քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կյանքում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային արտաքին քաղաքական զարգացումներին: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը` Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշմամբ՝ հակամարտության միայն խաղաղ ճանապարհով լուծելու օգտին` միջազգայնորեն ճանաչված երեք սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը եւ չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից»: Նշելով, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է ` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից, մենք դիտում ենք որպես նման ոճրագործությունների կանխարգելման լավագույն երաշխիք: Նա գոհունակությամբ նշեց, որ տարիների ընթացքում Կալիֆորնիայի իշխանությունները մշտապես նահանգային եւ տեղական մակարդակներով բանաձեւեր են ընդունել հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, եւ խստորեն դատապարտել այն: «Այնուամենայնիվ, կարծում եմ` Կալիֆորնիան պետք է շարունակի ավելի հետեւողական լինել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ պետական մակարդակով ճանաչելու գործում՝ միեւնույն ժամանակ օրինակ ծառայելով մյուս նահանգների համար»,- ասաց ԱԺ նախագահը: Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը նշեց, որ նահանգը ծրագրում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ լայնածավալ միջոցառումներ անցկացնել, այդ թվում Լոս Անջելեսում նախատեսվում է ստեղծել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալով` ԱՄՆ Նահանգային ժողովի եւ ՀՀ ԱԺ միջեւ խորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Կալիֆորնիա:


11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am