National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.09.2013
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը
1 / 11

Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Հայկ Բաբուխանյանը:  Նա անդրադարձավ հանրային հեռուստառադիոընկերության գործունեության մի շարք առանցքային խնդիրների՝ հույս հայտնելով, որ խորհրդի նոր ղեկավարի ու անդամների ջանքերով կբարելավվի ու կփոխվի հեռուստահաղորդումների որակն ու ուղղվածությունը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ներկայացրին իրենց տեսակետները:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքները թեեւ տարեցտարի բարելավվում են, բայց անելիքներ դեռ շատ կան: Ըստ նրա՝ պահանջներն այս ընկերությունից առաջ են գալիս այն պարզ պատճառով, որ հեռուստառադիոընկերությունը  մեծ ազդեցություն ունի անհատի եւ  հասարակության արժեհամակարգի ձեւավորման գործում:  Նրա գնահատմամբ՝ ներկայացված հաղորդումը համապատասխանում է օրենքի պահանջին, որը այնքան էլ մեծ չէ. օրենքի պահանջը ընկերությունից պետք է լինի ոչ միայն տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովումը, այլեւ պետության եւ հանրության շահերից բխող հետեւողական գործունեության ծավալումը: Հենց դրանք կարգավորող չափորոշիչներն էլ պետք է ամրագրել օրենքում: Հերմինե Նաղդալյանն առաջարկեց  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին խորհրդի հետ քննարկել եւ վեր հանել առկա խնդիրները եւ դրանց վերացմանն ուղղված  առաջարկներ ներկայացնել Ազգային ժողովին:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն առաջարկեց օրենքով սահմանել հաղորդումների որակը եւ եթերաժամանակը կարգավորող մեխանիզմներ՝ այս նպատակով ստեղծելով նաեւ վերահսկող մարմին: Հովհաննես Մարգարյանը ողջունեց «Շիրակ» հեռուստաընկերությունը ուշադրության կենտրոնում պահելու, նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու՝  հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պատրաստակամությունը: Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ գովազդից ստացվող եկամուտների վերաբերյալ իր հարցադրումը դրական արձագանք կունենա, եւ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի  նորանշանակ  նախագահը հանգամանորեն կներկայացնի իրեն հետաքրքրող այդ ցուցանիշները: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հանրային ռադիոընկերությունը շահեկանորեն տարբերվում է հանրային հեռուստաընկերությունից, ինչը հավանաբար ֆինանսական չարաշահումներից զերծ լինելու հանգամանքով է պայմանավորված: Արմեն Մխիթարյանը խորհրդի նախագահին հորդորեց մեծացնել դաստիարակչական, ռազմահայրենասիրական ուղղվածություն ունեցող հեռուստահաղորդումների քանակը եւ ուշադրություն դարձնել քաղաքացու  հայեցի դաստիարակությանը: Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով  հանրային հեռուստառադիոընկերության բացառիկ դերին ու նշանակությանը, կարեւորեց հեռուստահաղորդումների բովանդակությունը, անաչառությունը, եթերում բանավիճային հարթակի գոյությունը, ընկերության տեխնիկական վերազինումն ու աշխատակիցների արհեստավարժությունը:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քանի դեռ հանրային հեռուստառադիոընկերությունը հանրային պատկերը չի ներկայացնում, չի ձեւավորում հանրային կարծիք, հանրային պատվերի շրջանակներում օրինակելի քաղաքացի ձեւավորելու նպատակադրում չունի, առաջնորդվում է սուբյեկտիվ ու իրադրական մոտեցումներով, նրա աշխատանքը չի կարելի արդյունավետ համարել:

Եզրափակիչ  ելույթում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, համաձայնելով ելույթներում հնչած շատ տեսակետների հետ, հավաստիացրեց, որ հաջորդ եթերաշրջանում պատգամավորները կդիտեն որակապես այլ մակարդակի հեռուստահաղորդումներ, որոնք  կփարատեն նրանց մտահոգությունները:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, եւ այժմ Ազգային ժողովը պետք է քննարկի նրա նշանակման հարցը:

Գեւորգ Կոստանյանը ներկայացրեց դատախազության գործունեության արդյունավետ կազմակերպման իր պատկերացումները ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու դեպքում: Նրա գնահատմամբ՝  Սահմանադրությամբ ՀՀ գլխավոր դատախազին վերապահված 6 լիազորություններից անգամ մեկի թերացման դեպքում վտանգվում է արդարադատությունը, պետության եւ քաղաքացու անվտանգությունը:  Նա անդրադարձավ պետության առջեւ ծառացած խնդիրներին՝ նկատելով, որ եթե երկրի տնտեսական վիճակը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ պատճառներով, ապա ժողովրդավարական պետություն կառուցելու, արդարադատություն իրականացնելու ճանապարհին բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են, եւ մեզնից է կախված նրա արդյունավետ իրացումը, իսկ բարեկեցիկ պետություն հնարավոր է կառուցել միայն ժողովրդավարական արժեքների ամրապնդմամբ: Այս առումով, ըստ նրա, Հանրապետության արդարադատության համակարգը բարեփոխման կարիք ունի: Գեւորգ Կոստանյանը հավաստիացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու դեպքում իր նպատակն է լինելու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, թույլ չի տալու, որ որեւէ դատախազ զբաղվի  քաղաքականությամբ,  եւ ամեն ինչ անելու է՝ ապահովելու օրենքի առջեւ բոլորի հավասարությունը:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ:

Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկումը կշարունակի հոկտեմբերի 1-ի նիստում:
 


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am