Հոկտեմբերի 17-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեւանի, Վանաձորի եւ Շիրակի մարզի դպրոցների բարձր դասարանցիների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որը «Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ հանրակրթության ոլորտում իրականացնում է մարդու իրավունքների իրազեկման ծրագիր:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց օրենսդրի հիմնական գործառույթներն ու Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ուղղությունները: Տիկին Վարդանյանն անդրադարձավ նաեւ մեծամասնական ու համամասնական ընտրակարգերի առանձնահատկություններին, խոսեց օրենքների ստեղծման, մասնավորապես ԱԺ մշտական հանձնաժողովներում մասնագիտական քննարկումների մասին:
Անմիջական զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին տիկին Վարդանյանին: Դպրոցականները մտահոգություն հայտնեցին կրթական ծրագրերի ու դասագրքերի անհամապատասխանության, արտագաղթի, աղանդների վտանգավորության վերաբերյալ, հարց ուղղեցին բուհերում սովորելու անվճար տեղերն ավելացնելու մասին: Էլինար Վարդանյանը դպրոցականների հարցադրումներին տվեց սպառիչ պատասխաններ: Նա անդրադարձավ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ հանձնաժողովի համագործակցությանը, այլընտրանքային ծառայությանը, կանանց ու տղամարդկանց իրավունքներին, հաշմանդամների տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանությանը, քրեակատարողական համակարգին վերաբերող հարցերին: