Հոկտեմբերի 23-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 ավագ դպրոցի աշակերտները: Նրանք նախ ներկա գտնվեցին ԱԺ նիստին, ապա նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:
Ջերմորեն ողջունելով աշակերտների այցը երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նման հանդիպումներն ու դրանց շարունակականությունը: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց դպրոցի եւ, մասնավորապես, ուսուցիչների ջանքերն ու առաքելությունը սերունդների կրթության, հասարակության ու պետության համար արժանի քաղաքացիներ դաստիարակելու գործում: Նա աշակերտներին հորդորեց նպատակային օգտագործել «ոսկե տարիները» եւ զինվել գիտելիքներով, լավ սովորել օտար լեզուներ, քանի որ գիտելիքն այն ներուժն է, որի վրա հիմնվելով պետք է մեր երկիրը զարգանա:
Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները, անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին եւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, բուհերում վարձավճարների բարձրացման եւ գործազրկության հարցերին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի գործառույթները, մշտական հանձնաժողովների գործառույթներն ու ոլորտները, անդրադարձավ կրթության ոլորտի օրենսդրական փոփոխություններին:
Գրիգոր Զոհրապի անվան դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ուսանելի բաց դաս անցկացնելու եւ ջերմ ընդունելության համար: