Հոկտեմբերի 30-ին ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը հանդիպեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում Հնդկաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների անդամներ էին:
ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը ողջունեց հյուրերին խորհրդարանում եւ ներկայացրեց բարեկամական խմբի անդամներին: Արաիկ Հովհաննիսյանը խոսեց հայ-հնդկական դարավոր բարեկամության, Հնդկաստանի հայկական համայնքի, զարգացող առեւտրատնտեսական հարաբերությունների մասին: Նա նշեց, որ նորագույն տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունների կան երկու պետությունների համար:
Հնդկական պատվիրակության ղեկավար Պաբան Սինգհ Գաթովարը, ողջունելով հայ գործընկերներին, նշեց, որ անցյալում հայերը եւ հնդիկները ունեցել են կայուն բարեկամական հարաբերություններ, իսկ այսօր միմյանց աջակցում են միջազգային տարբեր կառույցներում: Նա նշեց, որ Հնդկաստանի խորհրդարանում նույնպես շուտով կստեղծվի Հայաստանի հետ բարեկամական խումբ, եւ փոխադարձ այցերը կնպաստեն խորհդարանական դիվանագիտության զարգացմանը: Նա ավելացրեց,որ իրենք ծրագրում են զարգացնել համագործակցությունը կրթական, մշակութային, առեւտրատնտեսական, զբոսաշրջության, դեղագործության, աստղաֆիզիկայի, սեյսմոլոգիայի բնագավառներում:
Հոկտեմբերի 30-ին Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը:
Արտակ Դավթյանը ողջունեց հյուրերին՝ կարեւորելով հնդկական մշակույթի եւ քաղաքակրթության մեծ դերը մարդկության պատմության մեջ: Նա նշեց, որ հայկական տարբեր բուհերում սովորում է շուրջ 700 հնդիկ ուսանող, որոնք, Հայաստանում ստանալով բարձրագույն կրթություն, հետագայում դառնում են մեր երկրի հավատարիմ բարեկամները:
Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Պաբան Սինգհ Գաթովարը խոսեց հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամության, հնդկահայ համայնքի, հայաբնակ Կալկաթա քաղաքի մասին: Նա նշեց, որ այժմ իրենք աշխատում են երկու երկրների բժշկական դիպլոմների երկկողմ ճանաչման ուղղությամբ: Պարոն Գաթովարն ավելացրեց, որ իրենք բանակցություններ են վարում նոր ծրագրերի շուրջ, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ արդեն համագործակցում են: