Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը : Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը :
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը եւ վստահեցրեց որ հայկական կողմը պատրաստ է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով եւ հնարավոր ձեւաչափերով: Նրա խոսքով` Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է եւ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ: «Մենք պատրաստակամ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ առաջ տանել մեր քաղաքական օրակարգը»,-ասաց ԱԺ նախագահը : Պարոն Աբրահամյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի կողմից հոկտեմբերի 23-ին ընդունված «Եվրոպական հարեւանության քաղաքականություն. դեպի համագործակցության ամրապնդում» բանաձեւին` ԱԺ նախագահը ցավ հայտնեց, որ բանաձեւում տեղ են գտել միակողմանի եւ վտանգավոր դրույթներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նրա համոզմամբ` դրանք ոչ միայն հակասում են հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությանը, այլ հարցականի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: «Մեր բոլորի խնդիրն է նպաստել հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը, այլ ոչ թե ատելություն սերմանել հարեւան երկրների ժողովուրդների միջեւ»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխը նշեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը : Նա նույնպես կարեւորեց Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը` նշելով, որ Եվրամիությունը շահագրգիռ է Հայաստանի հետ խորացնել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանը Եվրոպայի կարեւորագույն գործընկերներց է եւ իրենք պատրաստակամ են շարունակել զարգացնել հարաբերությունները Եվրանեսթի շրջանակներում, ինչը Արեւելյան գործընկերության կարեւորագույն գործիքներից է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս :