National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.10.2013
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց ԱԺ խմբակցությունների հետ
1 / 6

Հոկտեմբերի 31-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը հանդիպեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը:

Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության տեսակետը Հայաստան-Եվրոպական միություն եւ Հայաստան-Մաքսային միություն համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները արդյունավետ են եղել, եւ Հայաստանը լավ է գիտակցում եվրաինտեգրման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Նա արձանագրեց, որ Հայաստանը միաժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի աշխատանքներին, որոնց անդամ է Հայաստանը եւ գտնվում է անվտանգության նույն համակարգում: Ըստ նրա՝ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հայտարարությունը Մաքսային միություն մտնելու որոշման մասին նորություն չէր, առավել եւս որ Հայաստանը միջազգային բոլոր կառույցների հետ միշտ էլ ակտիվ հարաբերություններ զարգացնելու դիրքորոշում է ունեցել: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությունը շարունակական կլինի, եւ կավելանան բարեփոխումների ոլորտում ունեցած ձեռքբերումները: Ռուզաննա Մուրադյանը արձանագրեց, որ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանի կրթական ոլորտում հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստել են ԵՄ-ին Հայաստանի մերձեցմանն ու ինտեգրմանը, եւ ցանկալի է, որ դրանք շարունակական լինեն:

Միլան Ցաբրնոխը բարձր գնահատեց վերջին երեք ու կես տարիներին ծավալված ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու ասոցացման պայմանագրի հետ կապված բանակցությունները, որոնք, նրա գնահատմամբ, ընդհատվեցին Հայաստանի քաղաքականության մեջ կատարված շրջադարձով: Ըստ նրա՝ այժմ ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, որից պետք է ելք գտնել: Ինչ վերաբերում է փոխգործակցությանը, ապա ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Նույն օրը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակության հետ հանդիպեցին նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց խմբակցության մոտեցումները, թե ինչպիսի կարեւորագույն հարցերի շրջանակներում են իրենք տեսնում եվրոպական համայնքի հետ երկխոսության շարունակությունը՝ կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները եւ արդարադատության համակարգում կատարվող բարեփոխումները:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս հարցերի համախումբը երկրի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի եւ անհրաժեշտ է, որ Եվրոպական միության եւ եվրոպական կառույցների հետ երկխոսությունը անպայմանորեն շարունակվի:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց նաեւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հետ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց խմբակցության տեսակետները Հայաստանի քաղաքական իրավիճակի, ներքաղաքական զարգացումների եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների շուրջ: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Հայաստանը դեռեւս չլուծված խնդիրներ ունի խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ընտրությունների հետ կապված: Եվ այդ խնդիրները խոչընդոտում են երկրի կայուն զարգացմանը, ժողովրդավարության հաղթանակին: Ըստ խմբակցության ղեկավարի՝ Եվրամիություն-Հայաստան համագործակցության շարունակման եւ զարգացման դեպքում Հայաստանը կկարողանա ռացիոնալ լուծում տալ խնդիրներին:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը՝ կարեւորելով Հայաստանի անդամակցությունը եվրոպական ընտանիքին: Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը եւ պատրաստակամություն է հայտնում շարունակելու համագործակցությունը նոր պայմաններում:

«Օրինաց երկիր » խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր երկիր եւ շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը՝ պարոն Ցաբրնոխը նշեց, որ հարգում են Հայաստանի որոշումը եւ հետագայում կփնտրեն Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու նոր հարթակներ: «Մեզ համար Հայաստանը տարածաշրջանում առանցքային գործընկեր է»,- նշեց Միլան Ցաբրնոխը:

ՕԵԿ խմբակցության պատգամավորները նշեցին, որ Հայաստանը կողմնակից է եվրոպական համընդհանուր արժեքների որդեգրմանը եւ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությանը: Պատգամավորների խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին բխում է մեր երկրի անվտանգության եւ տնտեսության շահերից: Խմբակցության անդամները նշեցին նաեւ, որ Հայաստանի նպատակն է ունենալ սերտ համագործակցություն երկու կողմերի հետ :

Նույն օրը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հետ հանդիպեց նաեւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակը եւ առաջիկա քայլերը: Պարոն Վարդանյանը կարեւորեց երկկողմ փոխգործակցության ընդլայնումը եւ խորհրդարանական կապերի սերտացումը՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումը չպետք է տուժի վերջին զարգացումների պատճառով: ՀՅԴ խմբակցության քարտուղարը, անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձեւին, ցավով նշեց, որ բանաձեւում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ են գտել մտահոգիչ ձեւակերպումներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Նրա գնահատմամբ՝ հայ ժողովրդի պատմական-մշակութային ժառանգությունը, հոգեկերտվածքը եւ ապագայի վերաբերյալ պատկերացումները ի վերջո մեզ մերձեցնելու են Եվրոպային, եւ այսօրվա քաղաքական գործիչների խնդիրն է չարգելափակել այդ ճանապարհը:

Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է տարածաշրջանում հիմնական ու առանցքային գործընկեր պետություն եւ շարունակելու է աջակցությունը մի շարք ծրագրերի ուղղությամբ:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Նույն օրը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարեւորեց Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն ու դրանց զարգացումը հատկապես այս օրերին, երբ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ իր որոշման մասին: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է արտահայտվել այդ որոշմանը, անցկացրել է բողոքի հանրահավաք: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշեց, որ ակնկալում են եվրոպական կառույցների աջակցությունն ու խորհրդարանական համագործակցության խորացումը ԱԺ այն խմբակցությունների հետ, որոնք միտված են զարգացնելու եվրոպական ինտեգրումը:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը նշեց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կայացրած որոշումը եւ պատրաստակամ է շարունակելու եւ խորացնելու տարբեր ուղղություններով ձեւավորված համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ նա ցավ հայտնեց, որ այդ հարցում առաջընթաց չի գրանցվել: Նա նշեց, որ Եվրամիությունը հնարավորության շրջանակներում կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ գտնելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:



11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներ կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am