Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ :
Ողջունելով Վրաստանի նախագահին Ազգային ժողովում ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց , որ նրա պաշտոնական այցը Հայաստան կխորացնի երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցությունը եւ կամրապնդի ժողովուրդների բազմադարյան բարեկամությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` 2013թ. ընթաքցում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն ընձեռեց որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը, ինչն իր հերթին լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության համար: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասի անվտանգությունը , խաղաղությունը եւ կայուն զարգացումը, իսկ հակամարտությունների կարգավորումը տեսնում է միայն քաղաքական ուղիներով, բանակցությունների արդյունքում:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշեց, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը եւ խորացումը: «Մենք շահագրգիռ ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն եւ կայունություն»,- ասաց Վրաստանի նախագահը: Նրա խոսքով` Վրաստանը կողմնակից է բարիդրացիական հարաբերություններ պահպանել բոլոր հարեւանների հետ` հանուն Հարավային Կովկասի զարգացման: Գիորգի Մարգվելաշվիլին կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը` գոհունակությամբ փաստելով, որ դրանք լավ հիմքերի վրա են դրված:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, կարեւորեցին համագործակցությունը միջազգային կառույցներում:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում եւ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեց Ազգային ժողովում, եղավ նիստերի դահլիճում: