Ապրիլի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեցին «Փարաջանովի հետադարձ լույսը» ծրագրի կազմակերպչական հարցեր:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ նախատեսվում է անցկացնել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ծրագիր, որը նվիրվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին:
Նա նշեց, որ ծրագրին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի եւ հանրակրթական դպրոցների, ավագ դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները, ովքեր ժյուրիի քննարկմանը կարող են ներկայացնել ավանգարդ ժանրում կատարած իրենց աշխատանքները՝ նկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, կոլաժներ եւ այլն:
Ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին, նպատակ ունի պատանիներին հնարավորություն տալ խորացնելու ավանգարդ արվեստի ընկալման հմտությունները, զարգացնելու նրանց՝ ազատ ստեղծագործելու կարողություններն ու մտածողությունը, ինչպես նաեւ նրանց հնարավորություն ընձեռել ծանոթանալու Սերգեյ Փարաջանովի բազմաժանր աշխատանքներին:
Այդ նպատակով կկազմակերպվեն Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների լուսանկարների ցուցադրություններ մարզերում, այցեր Սերգեյ Փարաջանովի՝ Երեւանում գտնվող թանգարան:
Մրցույթի հաղթողները կստանան մրցանակներ եւ պատվոգրեր, լավագույն աշխատանքները կցուցադրվեն Ազգային ժողովում: