ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ապրիլի 18-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի եւ Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը, նշեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը իրականացվել է բավական արդյունավետ եւ կարեւոր դեր խաղացել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, մասնավորապես զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ու ոլորտի թափանցիկության ապահովման գործում: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ համագործակցությունը շարունական կլինի, եւ խորհրդարանի ու իր ղեկավարած հանձնաժողովի դերակատարումը այդ ծրագրերի իրականացման գործում՝ առավել նշանակալից: Նա կարեւորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին հայ խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը:
Կորյուն Նահապետյանը անդրադարձավ նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից բխող կարեւոր քայլ:
ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուները բարձր գնահատեցին Հայաստանի ներդրած ջանքերը համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործում եւ գոհունակություն հայտնեցին այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: