National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 1

Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պատրիկ Դեւեջյանը, սենատորներ, Ֆրանսիա-Կովկաս բարեկամության խմբի ղեկավար Ամբրուազ Դյուպոնը,  Ֆիլիպ Կալտենբախը եւ Նատալի Գուլեն:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով` հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները երկու երկրների միջեւ կայուն զարգանում են. Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական սերտ առնչությունները: ԱԺ նախագահի համոզմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ բացեց հայ-ֆրանսիական հարաբերություններում: Գալուստ Սահակյանը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ եւ Սենատի մի խումբ պատգամավորների եւ նախկին խորհրդարանականների, ինչպես նաեւ մի շարք քաղաքային իշխանությունների մասնակցությամբ ստեղծված «Արցախի հետ բարեկամության շրջանակը»: «Ձեզանից շատերը մեծ ավանդ ունեն Ֆրանսիայում 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու գործում: Դուք նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից եք: Վստահ եմ, որ դուք շարունակելու եք ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ», -ասաց Գալուստ Սահակյանը : Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց նաեւ ապակենտրոնացված արդյունավետ փոխգործակցությունը: Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությունը եւ հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ը հաջորդ լիագումար նիստում կհաստատի ՀՀ Ազգային ժողովին ՖԽՎ-ում լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիացի խորհրդարանականները շնորհավորեցին Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեցին, որ միջխորհրդարանական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ եւ խորանալ: Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պատրիկ Դեւեջյանը բարձր գնահատեցին Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ նշեցին, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ Պատրիկ Դեւեջյանը նշեցին, որ ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի պատմական իրողությունը: Նրանք գոհունակությամբ փաստեցին, որ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի խնդիրների եւ Ցեղասպանության հարցի շուրջ միակարծիք են եւ միեւնույն դիրքորոշումներն ունեն, չնայած տարբեր այլ հարցերում տեսակետների տարբերությանը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնելու խորհրդարանական հարաբերությունները, առավել զարգացնելու երկու երկրների միջեւ ստեղծված համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին, հայ-ֆրանսիական կապերին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am