Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի եւ Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովի շնորհավորական ուղերձները: Նա Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախագահների անունից վերահաստատեց Բելառուս պաշտոնական այցի հրավերը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ հրավերի համար՝ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ կարեւորելով փոխգործակցության հետագա ընդլայնումը տարբեր ոլորտներում: Նա ընդգծեց, որ ակտիվ զարգանում են միջխորհրդարանական կապերը` կարեւորելով միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը խորհրդարանների միջեւ փոխհարաբերությունների կարեւոր օղակ է:
Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նշվեց, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին գրանցում են դրական տեղաշարժ, սակայն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ առկա ներուժը պարտավորեցնում են ունենալ ավելի բարձր արդյունքներ: