Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը եւ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Նշենք, որ եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ ԵԿ տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալիս զեկույցներով, ներկայացնում են իրենց կառույցների աշխատանքները, նախանշում առաջիկա անելիքները: Հավաքի նպատակն է ապահովել երիտասարդ հանրապետականների շփումն ավագ կուսակիցների, կուսակցության ղեկավար կազմի հետ, ոլորտային պատասխանատուների հետ քննարկել կուսակցական աշխատանքներին առնչվող խնդիրներ: Հավաքին մասնակցում էին շուրջ 260 երիտասարդներ:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ողջույնի խոսքում երիտասարդական կազմակերպության անունից շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ ԱԺ նախագահը մշտապես եղել եւ մնում է երիտասարդների կողքին: Նա ասաց, որ ՀՀԿ յուրաքանչյուր հերթական համագումարից հետո ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հրավիրում է հավաք, որի ընթացքում քննարկվում են այն ուղերձները, որոնք հնչել են համագումարում:
Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ կազմում կան երիտասարդներ, ովքեր այսօր բավականին լուրջ դերակատարում ունեն մեր երկրի քաղաքական կյանքում, օրենսդիր ու գործադիր մարմիններում: «Երիտասարդները պետք է կարողանան ոչ միայն գաղափարակիր դառնալ, այլեւ գաղափարներով ուղղորդել մի ամբողջ ժողովրդի»,- ասաց պարոն Սահակյանը: Նա խորհուրդ տվեց երիտասարդներին չառաջնորդվել նեղ կուսակցական շահերով: «Շատ լավ կլինի, որպեսզի ձեր փոխհարաբերությունները մյուս կուսակցությունների երիտասարդների հետ անհրաժեշտ բարձունքի վրա լինեն: Մենք պետք է շարժվենք ազգի շահերով, քաղաքական ուժերն ընդամենը պետք է միջոց լինեն նպատակների համար, իսկ մեր նպատակները բավականին լուրջ են: Մենք պայքարում ենք ազգի եւ պետության հավերժության համար` կուսակցությունը որպես միջոց ծառայեցնելով դրան: Դուք պետք է կարողանաք ակտիվությամբ ձեր ճանապարհը հարթել: Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, ովքեր կկարողանան ուղղորդել հասարակությանը եւ իրենց արժանապատիվ դերակատարումն ունենալ ազգային խնդիրներում»,- նշեց ԱԺ նախագահը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորեց երիտասարդների միասնականությունը քաղաքական կյանքում: Նա կոչ արեց ակտիվ համագործակցություն իրականացնել տարածքային, մարզային կազմակերպությունների միջեւ:
Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին սահմանադրական բարեփոխումներին, կուսակցական աշխատանքում երիտասարդների դերին, օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին, Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ այլն:
Անդրադառնալով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին հարցին` ԱԺ նախագահը նկատեց, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից: Ըստ Գալուստ Սահակյանի` Նազարբաեւն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսեւորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ: Խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը մեր երկրի ամենակարեւոր հարցն է: «Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի հետ մեկ մաքսային եւ տնտեսական տարածքում, եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց չկա: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը փոխշահավետ համագործակցության վրա է հիմնված»,-ասաց Գալուստ Սահակյանը: