National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ  մեր պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ:

  Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող եւ երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից եւ դրանում կատարված փոփոխություններից հետո  միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եւ ներկայումս ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին:

Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ  նախատեսված` մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում:

  Սիրելի հայրենակիցներ,

իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու եւ գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարեւոր  գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ,  մրցունակ ու բարեկեցիկ:

  Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն եւ հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության եւ զարգացման»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am