Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԽԽՎ քարտուղարության տնօրեն Վոյցեխ Սավիցկին եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի գործադիր քարտուղար Պիտեր Սիչը:
Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին ԵԽԽՎ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության խնդիրները: Նշվեց, որ Հայաստանի խորհրդարանը հնարավորն անում է ընդունված ժամանակացույցի
համապատասխան պարտավորությունների կատարման առումով: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացներին ընդդիմության մասնակցությունն ու ընդդիմության վերադարձը օրենսդիր գործունեության: Պարոն Հալերը նշեց, որ ԵԽԽՎ-ն երբեք եւ ոչ մի երկրի պարագայում բոյկոտը չի խրախուսում եւ մշտապես կոչ է անում նման դեպքերում վերադառնալ լիարժեք օրինաստեղծ գործունեության: Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միջեւ համատեղ քննարկումների ու խորհրդաժողովների անցկացումը քաղաքական ու հասարակական տարբեր մակարդակներում` համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումն այդ երկրներում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ԵԽԽՎ-ի եւ Աժ-ի մշտական հանձնաժողովների, աշխատակազմերի համագործակցության խնդիրները, քննարկվեց նաեւ ԱԺ նախագահի առաջարկությունը` ՀՀ օրենսդիր մարմնի գործունեության 10-ամյակի կապակցությամբ 2005 թ.ԵԽԽՎ-ի հովանու ներքո եվրաինտեգրացման հարցերով համաժողով անցկացնելու մասին, որը կնպաստի ժողովրդավարության ու համագործակցության խորացմանը: