Հոկտեմբերի 2-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Ուսանողները ներկա են գտնվել ԱԺ քառօրյա նիստին, ապա նրանց ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ջերմորեն ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին եւ շրջանավարտներին` ժուռնալիստիկայի բաժնի 65 -ամյակի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 15-ամյակի կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը նույնպես ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ ուսանելու տարիներին հաճախ է լսել լրագրությանը վերաբերող դասախոսություններ: Նա ապագա լրագրողներին հորդորել է զինվել գիտելիքներով եւ ճիշտ օգտագործել «բեղմնավոր» գրիչը իրենց ընտրած բարդ մասնագիտական ճանապարհում: ԱԺ նախագահի կարծիքով` եկող սերունդն է, որ պետք է նորություն եւ թարմություն մտցնի թե մամուլում, թե հասարակական կյանքում:
Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են Երիտասարդական խորհրդարան ընդգրկվելու կարգին, մամուլում խորհրդարանական աշխատանքի լուսաբանման խնդիրներին, «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման եթերային հաճախականությանը:
ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին ընդունելության համար:
Զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել է ուսանողների հետ: