ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով, որի մեջ ասվում է.
« Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո կարճ ժամանակ անց մենք ունեցանք մեր Սահմանադրությունը` իբրեւ երկրի կենսագործունեությունն ապահովող Հիմնական Օրենք, որին համապատասխան գործում ու ստեղծվում են երկրի բոլոր մյուս օրենքները: Արդեն իններորդ անգամ նշելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը` մենք հավաստում ենք` մեր երկրի Հիմնական օրենքը եղել է այն փաստաթուղթը, որ հնարավորություն է տվել պետության ու ժողովրդի դժվար պահերին ելքեր գտնել: Միեւնույն ժամանակ անցած ինը տարիները ապացուցեցին, որ ոչինչ միանգամից ու կատարյալ չի ստեղծվում: Կյանքն առաջադրեց նոր խնդիրները, որոնց հանգույն առաջացավ Սահմանադրության բարեփոխման ու լրացման անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Ժողովը շուտով հասարակական քննարկման կներկայացնի սահմանադրական բարեփոխումների նոր տարբերակը, որի խնդիրն է նպաստել պետական կառավարման առավելագույն ճիշտ ու գործուն ձեւի ընտրությանը: Աշխարհի ժողովուրդների մեջ մեր ինքնահաստատման դժվարին ճանապարհին ուղեցույց եղել եւ մնում են օրենքները: Ազգային ժողովի օրենսդրական գործունեությունը այն հիմնաքարն է, որի վրա հիմնվում է ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կայացումը:
Շնորհավորում եմ անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներին Սահմանադրության տոնի առիթով»: