Հոկտեմբերի 10-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով մրցույթի երեւանյան փուլը: Երեւանյան փուլին ներկայացվել էր Երեւանի տասնմեկ դպրոցների աշակերտների վաթսունինն աշխատանք: Երեւանյան փուլի աշխատանքները դիտել եւ գնահատել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:
Պարոն Դավթյանն իր խոսքում նշել է, որ մրցույթի՝ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը խորհրդանշական է, քանի որ մեծ արվեստագետն ազատ եւ անկաշկանդ էր իր ստեղծագործական դրսեւորումների մեջ: Մրցույթի նպատակն է խթանել պատանիների ստեղծագործական երեւակայությունը, հնարավորություն տալ նրանց դրսեւորելու իրենց ստեղծագործական ներուժն ու մտքի թռիչքը: Նա նշել է, որ մրցույթն անցկացվել է Հայաստանի շատ մարզերում եւ Արցախում, այժմ հերթը երեւանցի երեխաներինն է: Պարոն Դավթյանը նշել է, որ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն աշխատանքները կներկայացվեն հանրապետական մրցույթին: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի մասնակիցներին եւ կազմակերպիչներին:
Կարինե Աճեմյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գրադարանի տնօրինությանը ջերմ մթնոլորտ ստեղծելու համար: Անդրադառնալով մասնակիցներին եւ նրանց աշխատանքներին՝ նա նշել է, որ լավն են բոլոր աշխատանքները, քանի որ հայ երեխաները շատ շնորհալի են: Տիկին Աճեմյանը երեխաներին խորհուրդ է տվել, օգտվելով ընձեռված առիթից, դիտել Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը եւ հետեւել այն փոփոխություններին, որոնք կկատարվեն նրանց հոգում մեծ արվեստագետների ստեղծագործությունների հետ առնչվելիս:
Այնուհետեւ ժյուրիի անդամները դիտել են երեխաների աշխատանքները՝ նկարներ, լուսանկարներ, կոլաժներ: Արտակ Դավթյանը եւ Կարինե Աճեմյանը սիրով զրուցել են երեխաների հետ, հարցրել ստեղծագործությունների վերնագրերը, լսել նրանց ընկալումը իրենց աշխատանքների եւ մրցույթի մասին:
Արդյունքում ժյուրիի կողմից ընտրվել է տասներկու աշխատանք, սակայն շատ էին տպավորիչ եւ գեղեցիկ աշխատանքները: