Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Անի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տարբեր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հերթական միջազգային սեմինարն անցկացվում է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ համատեղ: Ըստ պարոն Նահապետյանի՝ սեմինարի նպատակն է անդրադառնալ պաշտպանության ոլորտում բյուջեի պլանավորման հիմնախնդիրներին, բյուջեի վերահսկողության մեխանիզմներին, ներկայացնել միջազգային լավագույն փորձը, որը նաեւ կնպաստի ՀՀ-ում բյուջետային գործընթացի բարելավմանը: Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ տարեցտարի ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, իրականացնելով իրեն վերապահված գործառույթները, առավել մեծ ազդեցություն է ունենում պետական բյուջեի կազմման եւ բյուջետային վերահսկողության գործընթացում:
Սեմինարին հրավիրված միջազգային փորձագետները ներկայացրել են պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորման եւ ծախսերի արդյունավետ վերահսկողության գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումները:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին անդրադարձել է կենտրոնի եւ հանձնաժողովի միջեւ խոր եւ համապարփակ համագործակցությանը, ընդգծել քննարկվող թեմայի կարեւորությունը: Խոսելով պաշտպանության ոլորտի բյուջեի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունից՝ Ֆիլիպ Ֆլուրին նշել է, որ այն պետք է լինի շարունակական գործընթաց:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ավագ գիտաշխատող Վալերի Ռատչեւը անդրադարձել է պաշտպանության ոլորտում որոշումների կայացմանը, ոլորտի բյուջեի եւ պաշտպանական քաղաքականության միջեւ կապին, խոսել պաշտպանական ծախսերի գնահատումից եւ ոլորտի բյուջեի պլանավորման գործընթացում խորհրդարանի դերի բարձրացումից:
Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Թոդոր Թագարեւը ներկայացրել է պաշտպանական ծախսերի նկատմամբ գործնական վերահսկողության ձեւերը, ոլորտում աշխատավարձերի եւ ընդհանուր զինված ուժերի ծախսերի միջեւ հարաբերակցությունը, կարեւորել պաշտպանական ծախսերի արդյունավետությունը:
Այնուհետեւ խոսելով պաշտպանության ոլորտում գնումներից՝ Թոդոր Թագարեւը անդրադարձել է ոլորտում գնումների գործընթացի կարգավորմանը, մասնավորապես խոսել ոլորտի գնումներում կոռուպցիայից: Ֆիլիպ Ֆլուրին գնումների գործընթացում կարեւորել է խորհրդարանի եւ նրա կոմիտեների դերը:
Խոսելով պաշտպանության ծախսերի թափանցիկությունից, հաշվետվողականությունից եւ հանրային վստահությունից՝ Վալերի Ռատչեւը ոլորտի ծախսերի վերահսկողության գործում կարեւորել է Վերահսկիչ պալատի, խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության դերը:
Բանախոսները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին:
Ամփոփիչ խոսքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար` համոզմունք հայտնելով, որ քննարկումները օգտակար էին նաեւ այն առումով, որ առաջիկայում խորհրդարանում քննարկվելու է 2015 թվականի բյուջեի նախագիծը: