Հոկտեմբերի 20-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստի սկզբում պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին, որից հետո հաստատել են ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:
Խորհրդարանը շարունակել է քննարկել «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:
Հարակից զեկույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է համապարփակ զեկույց, որն արտահայտում է նաեւ պատգամավորների դիտողություններն ու առաջարկները: Նա ընդգծել է, որ զեկույցը ներկայացնում է ինչպես ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, այնպես էլ մարդու իրավունքների խախտումներն ըստ ոլորտների: Տիկին Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ զեկույցում մատնանշված բազմաթիվ խնդիրներ մինչ օրս լուծում չեն ստացել պատասխանատու կառույցների կողմից: Ըստ նրա՝ գլխադասային հանձնաժողովում զեկույցի քննարկումն անհրաժեշտ է անցկացնել ըստ ոլորտների եւ պատասխանատու անձանց մասնակցությամբ:
Զեկույցի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:
Էլինար Վարդանյանը, անդրադառնալով մարդու իրավունքների խախտման դեպքերին, կարեւոր է համարել, որ փաստաթղթում տեղ գտած փաստերը չկրկնվեն հաջորդ տարվա զեկույցում: Ստեփան Դեմիրճյանը մտահոգություն է հայտնել զեկույցում մատնանշված որոշ փաստերի, մասնավորապես անարդար դատավարությունների, բանակում չբացահայտված սպանությունների վերաբերյալ: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ զեկույցը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմելու 2013 թ. մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցված արդյունքների մասին: Պատգամավորը կարեւորեց ՄԻՊ մարզային գրասենյակների ընդլայնումը: Ըստ Արամ Մանուկյանի՝ թեեւ զեկույցում կատարված է ծավալուն աշխատանք, այնուամենայնիվ ՀՀ-ում ՄԻՊ համակարգը դեռ անմխիթար վիճակում է: Թեւան Պողոսյանը, ներկայացնելով զեկույցի վերաբերյալ իր դիտարկումները, մտահոգիչ է համարել մի շարք գերատեսչությունների կողմից թույլ տված խախտումները: Հեղինե Բիշարյանն անհրաժեշտ է համարել, որ ՄԻՊ գրասենյակը մի շարք ոլորտներում առավել մանրամասն ուսումնասիրությունններ կատարի՝ հաշվի առնելով մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զեկույցի առանցքային խնդիրներին, խոսել 2008 թ. մարտիմեկյան դեպքերից: Միքայել Մելքումյանը կարեւորել է ՄԻՊ դերի բարձրացումը, ոլորտում անհրաժեշտ համարել կտրուկ քայլերի իրականացումը: Կարեւորելով խորհրդարանի եւ ՄԻՊ ինստիտուտի միջեւ սերտ համագործակցությունը՝ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ այն առաջիկայում կլինի առավել արդյունավետ: Էդմոն Մարուքյանը խնդիրների ներկայացման առումով ՄԻՊ զեկույցը բնութագրել է համապարփակ: Նա ողջունել է պաշտպանի նախաձեռնությամբ մի շարք գործերի քննարկումը Սահմանադրական դատարանում: Հովհաննես Սահակյանը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում կարեւորել է պատգամավորներ-ՄԻՊ համագործակցությունը, համատեղ աշխատանքի արդյունքում ոլորտի խնդիրների լուծումը: Լեւոն Դոխոլյանի գնահատմամբ՝ զեկույցում հանգամանալի ներկայացված են տարբեր ոլորտների խնդիրները եւ առաջարկները: Նա կարեւորել է ՄԻՊ գրասենյակների գործունեությունը մարզերում, փորձագիտական խմբերում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը, ՄԻՊ-ի աշխատանքի վերաբերյալ հանրային իրազեկվածության ապահովումը, միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ զեկույցում հաշվի են առնվել նաեւ պատգամավորների առաջարկները, որի արդյունքում ավելացվել է երեխայի իրավունքներին վերաբերող բաժինը: Նա անդրադարձել է շտկման կարիք ունեցող հոդվածներին եւ առաջարկներ է ներկայացրել: Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է դատական համակարգում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Նրա գնահատմամբ՝ այդ խնդիրների լուծման ճանապարհին պետք է աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին: Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ ներկայացված զեկույցը օրենսդիր մարմնի եւ ՄԻՊ գրասենյակի համագործակցության արդյունք է: Նա անդրադարձել է ոլորտի խնդիրներին եւ առաջարկներ է ներկայացրել:
Արտահերթ ելույթ է ունեցել եւ պատգամավորների ելույթներին ու մտահոգություններին անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ընդգծել է, որ որոշ գործընկերներ Մարդու իրավունքների պաշտպանին այսօր փորձում էին ներկայացնել զոհի կարգավիճակով, մինչդեռ ՄԻՊ-ը պաշտպանված է օրենքով: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը տեւական ժամանակ քննարկվել է, ստացել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների դրական եզրակացությունը: Պարոն Սահակյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը եւ նշել է, որ համապարփակ զեկույց է ներկայացված: «Մենք գնահատում ենք ՄԻՊ-ին, նրա գործունեությունը, սա միակ ինստիտուտն է, որն անընդհատ պայքարի մեջ պետք է լինի, ինչպես ամբողջ աշխարհում է»,-հավելել է խորհրդարանի ղեկավարը: Պարոն Սահակյանը նշել է, որ խնդիրներ կան նաեւ դատաիրավական ոլորտում եւ հավելել, որ վերջին տարիներին դրական քայլեր են կատարվել այդ ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները շարունակական կլինեն: Նա կարեւորել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների ծրագիրը եւ ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունները կհստակեցնեն իշխանությունների տարանջատումը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ողջունել է մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ոլորտում կան չլուծված բազմաթիվ խնդիրներ: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում նա անդրադարձել է ընտրական համակարգի խնդիրներին:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ եւ այս համատեքստում անդրադարձել մարտիմեկյան դեպքերին, ըստ նրա՝ քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքացու ընտրական իրավունքի իրացմանը, տեղեկատվության ազատության ապահովմանը եւ այլ խնդիրների:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 21-ի նիստում: