Հոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:
Նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողություններին:
Իր եւ իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:
Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման ընդլայնման միտումները տարածաշրջանում: