National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը: Կստեղծվի նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգի երկրորդ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը նշել է, որ այն միտված է համապատասխանեցնելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Նախագծով նախատեսվում է իրացնել Սահմանադրության այն դրույթը, որով հռչակվում է, որ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այլ ակտերով: Նա նշել է, որ իրենք ընդունել են կառավարության առաջարկը եւ Սահմանադրության համապատասխան դրույթով ձեւակերպել «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 78-րդ հոդվածը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հաջորդ` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը հիմնավորել է օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը` նշելով, որ դրանով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրական դատարանի մի քանի որոշումների պահանջների կատարման եւ դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքում ամրագրելու անհրաժեշտությամբ:

Նա առաջարկել է նոր խմբագրությամբ ներկայացնել նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հետ կապված ընթացակարգերը:Առաջարկվել է նաեւ նոր խմբագրությամբ ներկայացնել նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործի նոր քննության կարգը: Պատգամավորը տեղեկացրել է, որ կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են: Էդմոն Մարուքյանը նշել է նաեւ, որ իր գործընկեր Արփինե Հովհաննիսյանի կողմից նույն փոփոխությունները կատարելու մասին նախաձեռնություն կա, այժմ քննարկվում է այդ նախագծերը միացնելու հավանական տարբերակը:

Օրակարգի հաջորդ՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են Լեւոն Խաչատրյանն ու Աբրահամ Մանուկյանը, դրական եզրակացություն չի ստացել:

Դրական եզրակացություն չի ստացել նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հաջորդ՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի ներկայացրած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարով:

ՀՀ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, հիմնավորելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ? միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

Կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Նախագիծը վերաբերում է համայնքներին տրվող դոտացիաներին: Մասնավորապես, ըստ համապատասխան օրենքի, 2014 թվականից ՀՀ համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման համար հիմք է ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման համակարգող մարմնի կողմից ներկայացված բնակչության թիվը՝ ըստ համայնքների: Մինչ այդ՝ համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված բնակչության թիվը՝ ըստ համայնքների: Նշված թվերը որոշ չափով տարբերվում են, ինչով պայմանավորված՝ կարող են նվազել 59 համայնքի տրվող դոտացիաները: Սրանից ելնելով, քանի որ խնդիրը դեռեւս կարգավորված չէ, առաջարկվում է վերոնշյալ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի որոշմամբ նախատեսվում է նոյեմբերի 28-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով: Լսումները նախաձեռնել են ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները :

Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգվել է պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ սահմանային գոտու համայնքների /բնակավայրերի/ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին» օրենսդրական նախաձեռնությունը՝ կից փաթեթով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախատեսվում է սահմանել «ֆինանսական երաշխիք» հասկացությունը: Կազմակերպչի համար սահմանվում է 200 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի առկայության պարտավորություն, որը խախտելու դեպքում կասեցվում է լիցենզիան:

Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցումով ներկայացրել է նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակը տնտեսության ֆինանսական հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության շրջանակի վերանայումն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նա նշել է, որ հայրենիք վերադարձող սիրիահայերը հաճախ հնարավորություն չեն ունենում իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստան բերել օրենսգրքով սահմանված 180-օրյա ժամկետում եւ առնչվում են մաքսազերծման խնդրին: Օրենքի նախագծով սահմանվում է մաքսատուրքի գծով արտոնությունից օգտվելու ավելի երկար ժամկետ ինչպես սիրիահայերի, այնպես էլ այն ֆիզիկական անձանց համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով 2015 թ. հունվարի 1-ից նախատեսվում է վերականգնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիան եւ այդ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար լիցենզիայի տրամադրման պետական տուրքը:

Քննարկված հարցերը ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Քննարկումների արդյունքում մինչեւ մեկ տարով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուբիկ Հակոբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Դեմիրճյանի, Թեւան Պողոսյանի եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Որոշվել է ստեղծել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ենթակայությամբ գործող ենթահանձնաժողով, որն էլ կզբաղվի որոշման նախագծով առաջարկվող խնդրի ուսումնասիրությամբ:

Առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թեւան Պողոսյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Միքայել Մելքումյանը նշել է, որ առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը բարձրացնել 58,35 մլն ՀՀ դրամից մինչեւ 120 մլն ՀՀ դրամ, ինչն էականորեն կավելացնի բյուջետային մուտքերը շրջանառության հարկի գծով: Առաջարկվում է նաեւ, որպես անցումային փուլ, մինչեւ 2016թ. հունվարի 1-ը առեւտրական գործունեության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար կիրառել շրջանառության հարկի հարկային դրույքաչափի ընտրության կամավորության սկզբունք, մասնավորապես տնտեսվարողին հնարավորություն տալ ընտրելու առաջարկվող երկու տարբերակներից մեկը՝ 1 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափ, բայց ձեռքբերված ապրանքների ամբողջությամբ հիմնավորվածություն փաստաթղթավորմամբ կամ 3.5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափ՝ առանց ապրանքների ձեռքբերման:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որի լրամշակված տարբերակը կուղարկվի երկուշաբթի օրը՝ փաթեթը բաժանված երկու մասի:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am