Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթելով՝ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
Կարեւորելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները՝ կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերը խորացնելու, խորհրդարանական գործընկեր հանձնաժողովների համագործակցության համար նոր ծրագրեր իրականացնելու, երկու երկրների քաղաքների միջեւ կապերը զարգացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, 2015 թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում սոցիալական եւ տնտեսական ծրագրերի իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թիան Էրլունը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ ավելի զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: