Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում, տեղի է ունեցել ակումբի 9-րդ նիստը` «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետներ եւ այլ հյուրեր: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պլանավորման դեպարտամենտի ղեկավար Վալերի Մաքսիմովը:
Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի հոբելյանի առիթով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձն ընթերցել է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը: Ուղերձում ասված է, որ Հայ-ռուսական բարեկամական ակումբը մեծ դերակատարություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Նա վստահություն է հայտնել, որ այս ակումբը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը` մերձեցնելով երկու երկրների քաղաքական դիրքորոշումները:
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձում էլ ասված է, որ հայ եւ ռուս ժողովուրդները մշտապես համարվել են բարեկամներ, ինչի արդյունքում էլ հիմնվել է այս ակումբը: Այստեղ կարող են քննարկվել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող յուրաքանչյուր հարց, այդ թվում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը, միգրացիոն քաղաքականությունը եւ այլ հարցեր, ասված է ուղերձում: Նա եւս վստահություն է հայտնել, որ ակումբում կլինեն կառուցողական քննարկումներ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ապահովում է երկրի անվտանգությունը, բացի այդ` հասարակության գերակշիռ մասը սատարում է Հայաստանի անդամակցությունը:
Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ն Հայաստանի համար կլինի առեւտրային խոշոր գործընկեր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ քաղաքական եւ տնտեսական այլ հարցեր:
Վերջում հյուրերը պատասխանել են լրագրողների հարցերին: