ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում դեկտեմբերի 12-ին անցկացվել են «Պալիատիվ բժշկական օգնության ներդրումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտային նախարարությունների, մարզպետարանների, առողջապահական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժիշկներ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լսումների ընթացքում նշել է, որ պալիատիվ բժշկական օգնությունը համեմատաբար նոր է Հայաստանում, թեեւ խնդիրը մեր երկրում նոր չէ, եւ մոտեցումները, որոնք պետք է քննարկվեն, դեռեւս կանոնակարգված չեն:
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող եւ անբուժելի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ ծանր հիվանդին եւ նրա ընտանիքի անդամներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի եւ նրա հարազատների հոգսերը թեթեւացնող սոցիալ-հոգեբանական աջակցություն:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, խոսել է այդ ոլորտում իրականացվող ծրագրերի մասին: Ամոքիչ բուժօգնությունը, նախարարի խոսքով, նոր ուղղություն չէ, ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է, եւ այս ուղղությունը մեր երկիրը շրջանցել չի կարող:
Ներկայացնելով բուժօգնության այս մեթոդի ներդրման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրենսդրական քայլերը՝ նախարարը շեշտել է, որ դրանք առաջին հերթին ուղղված են բժշկական օգնության այդ տեսակը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելուն: Արմեն Մուրադյանի գնահատմամբ՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս քննարկելու առկա խնդիրները, ծրագրերը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշել է, որ 2014-ը պալիատիվ բժշկական օգնության համար նշանակալի է, քանի որ ՄԱԿ-ի համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ընդունել է հռչակագիր, ըստ որի՝ պալիատիվը ճանաչվել է բուժօգնության անբաժան մաս, եւ 2015-ին կկատարվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ բնակչությանն այն հասանելի դարձնելու համար:
Հայաստանի Հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցացիայի նախագահ, բ.գ.թ. Հրանտ Կարապետյանը ներկայացրել է պալիատիվ բուժօգնության ներդրման կարեւորությունը Հայաստանում: Պալիատիվ օգնությունը, ըստ նրա, թույլ կտա կանխարգելել եւ բուժել հիվանդությունը: Նա խոսել է կարիքների գնահատումից, ծառայությունների մատուցումից, ներկայացրել է սպասարկման ձեւերը, պաթոլոգիկ ախտանիշները, որ առաջանում են ծանր հիվանդություններից հետո:
Քննարկումը եզրափակվել է հարցուպատասխանով, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացրել են առաջարկներ: