National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.07.2004
ԱԺ նախագահի այցը Կոտայքի մարզ

 

 

Հուլիսի 28-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: Խորհրդարանի նախագահին ուղեկցում էին պատգամավորներ Գագիկ Մխեյանը, Սամվել Շահգալդյանը, քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Եղվարդի մանկական արվեստի կենտրոնում  բնակիչների հետ   հանդիպման ժամանակ խորհրդարանի նախագահը խոսեց մի քանի ոլորտներում առաջիկա բարեփոխումների մասին: Առողջապահության ոլորտում նախատեսվող փոփոխությունների արդյունքում կներդրվի ապահովագրության համակարգը, կմշակվի առողջապահության մասին օրենքի նախագիծ եւ ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրների մի մասը կկարգավորվեն օրենքով: Պատասխանելով հանդիպման եկածների հարցերին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ բյուջետային խնայողությունների հաշվին մինչեւ տարեվերջ կասֆալտապատվեն մոտ երեսուն քաղաքների ճանապարհներ: Քաղաքաշինական ծրագրերում ընդգրկված է նաեւ հանրապետության ավելի քան 150 դպրոցների վերանորոգման հարցը: Ինչպես տեղեկացրեց խորհրդարանի նախագահը, լուրջ բարեփոխումներ են սպասվում կրթական համակարգում: Այդ բարեփոխումներն ընդգրկելու են նախադպրոցական, դպրոցական, բուհական ոլորտները: Վերականգնվելու են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, բուհերի անվճար սեկտորում պետք է սովորեն միայն խելացի երեխաները, նախադպրոցական հաստատությունները պետք է աշխատեն նախկինի պես եւ դպրոցից առաջ երեխաները պետք է նախնական ճանաչողական դասերը ստանան հենց նախադպրոցական հիմնարկներում:

ԱԺ նախագահին հարց ուղղվեց նաեւ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ մշակման փուլում է ագրոձեռնարկատիրական գործունեության մասին ամբողջական ծրագիր, որը կարող է առաջարկել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման տեսական ճանապարհները: Ըստ ԱԺ նախագահի, գյուղատնտեսության ոլորտն անհրաժեշտ է ապահովել համապատասխան նյութերով, սարքավորումներով եւ դրամաշնորհային միջոցներից բացի այս ամենը պետք է անել նաեւ պետության աջակցությամբ: Հանդիպման ժամանակ խորհրդարանի նախագահին խնդրեցին հնարավորության սահմաններում աջակցել քաղաքային հիվանդանոցի համար շտապ օգնության մեքենայի ձեռքբերման հարցում, ինչին ԱԺ նախագահը տվեց դրական պատասխան:

          Խորհրդարանի նախագահի այցի հաջորդ վայրը Չարենցավանի «Հոլանի» կարի ֆաբրիկան էր: Ձեռնարկությունում 35000 դրամ միջին աշխատավարձով աշխատում է 650 հոգի: Արտադրում են կանացի ներքնազգեստ, սպորտային համազգեստ, այլ հագուստներ: Համապատասխան պատվերների դեպքում ձեռնարկությունն ունի արտադրական հզորությունը մեծացնլու հնարավորություն:

          Կոտայքի մարզ աշխատանքային այցի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եղավ Ծաղկաձորում եւ հանդիպեց Համահայկական երկրորդ երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Ըստ ԱԺ նախագահի, այս հավաքը հրաշալի հնարավորություն է ստեղծում ոչ միայն նոր կապեր հաստատելու, այլեւ երիտասարդների մասին պետական քաղաքականության մշակման ու ամրապնդման համար: Խորհրդարանի նախագահը վստահ է, որ պետության առաջնահերթ խնդիրների թվում պետք է լինեն նորաստեղծ ընտանիքների աջակցության, երիտասարդներին որակյալ կրթությամբ, հետագայում` համարժեք աշխատանքով ապահովելու հարցերը: Խորհրդարանի նախագահը պատասխանեց երիտասարդների բազմաթիվ հարցերին: Ներկաներից մեկը մտահոգություն հայտնեց այն մասին, թե կրթության մասին օրենքի նախագծում տեղ չեն գտել դրույթներ բուհերի ինքնավարության եւ ուսանողական խորհուրդների մասին: Խորհրդարանի նախագահը պատասխանեց, որ նախագիծը վերանայվել է եւ բացթողումներն անպայման կշտկվեն:  Սփյուռքահայ ուսանողներից մեկը հետաքրքրվեց երկքաղաքացիության արգելքը վերացնելու հեռանկարով: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Սահմանադրության նոր նախագծով արգելքը վերացված է, մնում է նախագիծը դնել հանրաքվեի: Նախագիծն ընդունվելու դեպքում խորհրդարանը կնախաձեռնի երկքաղաքացիությունը չարգելելու մասին օրենքի նախագծի ընդունման հարցը: Դոլարի կուրսի աննախադեպ անկման պատճառների հետ կապված հարցին պատասխանելիս, ԱԺ նախագահն ասաց, որ առաջիկայում խորհրդարանը կլսի Կենտրոնական բանկի հաշվետվությունը, կլինեն լուրջ քննարկումներ եւ եթե անհրաժեշտ լինի, ԱԺ-ն նման երեւույթները կանխելու նպատակով կմշակի օրենք: Սփյուռքահայ ուսանողներից մեկի հարցը վերաբերում էր Հայ դատի խնդիրներին եւ խորհրդարանի նախագահի վերաբերմունքին հայ-թուրքական հնարավոր հարաբերություններին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց վերջերս Երեւանում տեղի ունեցած Պատգամավորական բարեկամության համահայկական վեհաժողովի առաջին նիստի մասին եւ տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում այս կազմակերպությունը միջազգային կառույցներում գրանցելու ուղղությամբ: Անդրադառնալով հարցի երկրորդ մասին, ԱԺ նախագահն ասաց, որ դրական է վերաբերվում բոլոր երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, ոչ ի հաշիվ, սակայն, ազգային արժանապատվության: Խորհրդարանի նախագահին հարցեր ուղղվեցին նաեւ այլընտրանքային քաղաքացիական ծառայության, մարզերում երիտասարդների առօրյայի աշխուժացման, հիպոթեքային վարկերի եւ այլ խնդիրների վերաբերյալ:

          ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցերը հանրապետության մարզեր կշարունակվեն:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am