ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունվարի 15-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այն գտնվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ուշադրության կենտրոնում:
Ըստ նրա` Հայաստանը տարեցտարի ավելի դինամիկ մասնակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման, ինչպես նաեւ զինված ուժերի միջազգային համագործակցության գործին: Արտակ Զաքարյանի կողմից կարեւորվել է նաեւ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների լիարժեք իրացումը, ինչպես նաեւ հասարակություն-զինված ուժեր հարաբերություններն ավելի բաց ու թափանցիկ դարձնելուն միտված հարցերը:
Արտակ Զաքարյանը նշել է, որ խորհրդարանական պատվիրակություններն ակտիվորեն մասնակցում են ՆԱՏՕ-ի ԽՎ բոլոր միջոցառումներին` առավել ուշադրություն հրավիրելով տարածաշրջանային խնդիրներին:
Ներկայացվել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ ՀՀ մի շարք համաձայնագրերի վավերացման կարեւորությունը հետագա համագործակցությունների համար:
Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ՆԱՏՕ-ի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին` խաղաղապահ առաքելություններում իր ներդրումն ունենալու համար: Նա ընդգծել է խորհրդարանի մասնակցությունը համագործակցության ծրագրերում:
Ջեյմս Ապատուրայը նշել է, որ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կարեւոր ոլորտներ կան, որոնցից առաջնայինը խորհրդարանական վերահսկողության ամրապնդումն է:
Հանդիպման ընթացքում պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը` կարեւորելով խորհրդարանական վերահսկողության ծրագրերը: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել եւ յուրացնել պաշտպանության ոլորտում զարգացած երկրների եւ տարբեր խորհրդարանական հանձնաժողովների արդյունավետ փորձը:
Ամփոփելով հանդիպումը՝ Արտակ Զաքարյանը եւս մեկ անգամ Ջեյմս Ապատուրայի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին` կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ միջազգային բոլոր կառույցների դերակատարումներն Ադրբեջանի ավանտյուրիստական եւ սադրիչ գործողությունները դատապարտելուն, ինչպես նաեւ հակամարտության բոլոր կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլեր իրականացնելու գործում:
Անդրադարձ է եղել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտակ Զաքարյանը պատասխանել է նաեւ Ջեյմս Ապատուրայի բարձրացրած հարցերին: