Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիպրահայ համայնքի դերակատարությունը եւ նշել, որ ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, եւ թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում:
Զրուցակիցները քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները: