Փետրվարի 24-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Հյուսիսային համալսարանի մի խումբ դասախոսներ եւ ուսանողներ: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:
Ուսանողները Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել են Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ուսանողները կարող են համալսարանում սովորել՝ վճարելով ուսման վարձի կեսը: Ուսանողներն առաջարկել են կիրառել այս մոտեցումը նաեւ հայաստանյան այլ բուհերում: Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել համալսարանի գիտխորհրդի որոշումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայոց խորհրդարանը նույնպես նախատեսել է որոշակի միջոցառումներ, սակայն ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուր հայ: Խոսելով համահայկական հռչակագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովն այն համարել է պատմական փաստաթուղթ համայն հայության համար: