ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը փետրվարի 26-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Արտաշես Թումանյանը խոսել է Իրանում ՀՀ դեսպանության միջոցով երկու երկրների փոխգործակցության զարգացմանն ուղղված ծրագրերից:
Արտակ Զաքարյանը նորանշանակ դեսպանին հաջողություն է մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ եւ նշել, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններում, հատկապես խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու եւ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու առումով:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ խորհրդարանական համագործակցությանը, հումանիտար, մշակութային ոլորտներին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: