ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը մարտի 12-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանական կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրիի եւ նույն կուսակցության պատգամավոր տիկին Դելիգյոզի հետ: Մինչ հանդիպումը Բունդեսթագի պատգամավորները Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ հանձնաժողովը գործընկերային հարաբերություններ ունի Բունդեսթագի պատգամավորների հետ եւ համոզմունք է հայտնել, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական կապերի սերտացմանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` Արտակ Զաքարյանը նշել է, որ հիշատակի եւ ոգեկոչման արարողություններին ակնկալում ենք նաեւ Բունդեսթագի ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը: Ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը` Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակել է առաջ քաշել նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են եղել Հայաստանի համար:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Արզումանյանը եւ Մհեր Շահգելդյանն իրենց տեսակետներն են ներկայացրել հայ-գերմանական համագործակցության ակտիվացման, Եվրամիության հետ հետագա փոխգործակցության, հայ-թուրքական երկխոսության ու սահմանների բացման, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բունդեսթագի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել նպաստել հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ քննարկված հարցերի արդյունավետ լուծման նպատակով աջակցել հայ գործընկերներին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ գերմանացի խորհրդարանականները կարծիք են հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի շահերից է բխում երկկողմ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը: Բունդեսթագի ներկայացուցիչները նշել են, որ ԼՂ-ը պետք է ունենա խաղաղ կարգավորում եւ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ որ Թուրքիան չպետք է հակասության մեջ դնի հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները: Կարեւորելով Ցեղասպանության ճանաչումը՝ նշել են, որ նաեւ ակտիվ մասնակցություն կունենան ապրիլին Բունդեսթագում Ցեղասպանության թեմայով նախատեսվող քննարկումներին:
Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագում լիարժեք ընկալում կլինի Հայոց ցեղասպանության դատապարտման համար, քանի որ այն առաջին հերթին անհրաժեշտ է մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները կանխարգելելու համար:
Զրուցակիցները պայմանավորվել են հետագայում ակտիվացնել շփումները կանաչների կուսակցության պատգամավորների եւ հայ խորհրդարանականների միջեւ: