National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.04.2015
ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են եղել ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ
1 / 7

ՀՀ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Արծվիկ Մինասյանը ապրիլի 14-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի /GRECO/ անդամներ Միքայել Յանսենի, Ֆրանկ Ռաուի, Դիանա Կուրպնիեչեի, Դրաժեն Յելենիչի եւ Տիբոր Կատոնայի հետ:

Տեղեկացնենք, որ ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խումբն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին՝ որպես ԵԽ բաց մասնակի համաձայնագիր: Ներկայում խմբի անդամ է 49 երկիր՝ ԵԽ անդամ բոլոր երկրները եւ ԱՄՆ-ը: Հայաստանը խմբին միացել է 2004 թվականի հունվարի 20-ից:

Ինչպես տեղեկացրել են խմբի անդամները, գնահատման զեկույցների միջոցով GRECO-ն ներկայացնում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա թերությունները եւ երկրներին ուղղված խորհրդատվությունների միջոցով կատարում է օրենսդրական, կառուցվածքային եւ գործնական փոփոխություններ կատարելու առաջարկներ: Այս ընթացքում Հայաստանը, ինչպես նաեւ անդամ բոլոր երկրները, արդեն երեք անգամ գնահատվել է: Մասնավորապես, GRECO-ի այս խումբն ստեղծվել է 2012 թվականին, որպեսզի մոնիթորինգի ենթարկի պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում առկա կոռուպցիան:

ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամները, կարեւորելով խմբի գործունեությունը, նրան են ներկայացրել վերոնշյալ ոլորտներում առկա կոռուպցիոն դրսեւորումներն ու խնդիրները, մենաշնորհները, պարզել կոռուպցիայի դեմ պայքարի իրենց մոտեցումները եւ նշել այն պատճառները, որոնք սկզբնավորում են կոռուպցիան այդ ոլորտներում:

Պատգամավորներն անդրադարձել են նաեւ ՀՀ օրենսդրությանը, խոսել վարչարարության թերություններից եւ ընտրակեղծիքներից: Բացառությամբ ՀԱԿ ներկայացուցչի, պատգամավորները խնդրի կարգավորումը տեսնում են համակարգային փոփոխությունների իրականացմամբ: Ընդդիմադիր պատգամավորները խոսել են նաեւ սահմանադրական բարեփոխումներից եւ ամիսներ առաջ ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովից, կարեւորել կոռուպցիայի դեմ ամբողջական պայքարն ու քաղաքական կամքի առկայությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներին ու լիազորություններին. պատգամավորները, մասնավորապես, կարեւորել են այդ հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը եւ Էլինար Վարդանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO) պատվիրակության անդամների հետ:

GRECO-ի պատվիրակության անդամները հետաքրքվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներով:

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները նշել են, որ եկամուտների հայտարարագրման համակարգը ընդհանուր առմամբ կայացած է. պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրում են եւ այն հասանելի է դառնում հանրությանը: Սակայն իրավական առումով կան որոշակի ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ արժանահավատ չեն: Նրանք տեղեկացրել են, որ էթիկայի հարցերի հանձնաժողովը Հայաստանում բաժանված է երկու մասի. կա ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողով եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նրանց փոխանցմամբ` բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել իրենց եկամուտները, գույքն ու ունեցվածքը, իսկ օրենսդրական գործունեության առումով, եթե ցանկացած օրենքի նկատմամբ կա շահերի բախում, ապա այդ մասին պետք է հայտարարագրի պատգամավորը: Պատգամավորները նշել են նաեւ, որ եթե հայտարարագիրը լրացված է սխալ կամ այնտեղ կան անճշտություններ, ապա հանձնաժողովի մեկ անդամ դիմում է տվյալ բարձրաստիճան անձին, որպեսզի լրացվի անճշտությունը, իսկ եթե սխալն ակնհայտ է, ապա հարուցվում է վարույթ: Հանձնաժողովների նախագահները նշել են նաեւ, որ պատժամիջոցների մասով հստակ մեխանիզմներ չկան. հանձնաժողովը ստուգում է, թե տեխնիկապես ինչպես է լրացված այդ հայտարարագիրը եւ որտեղից են առաջացել այդ եկամուտները: Իսկ հետաքննություն կատարելու եւ պատժամիջոցներ կիրառելու համար հանձնաժողովը չունի համապատասխան գործիքներ, ինչն էլ դառնում է լրատվամիջոցների քննարկման առարկա:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպելու, դրանց իրականացման ընթացակարգի եւ արդյունքների մասին: Հանձնաժողովների նախագահները նշել են, որ լսումների թեմա կարող են լինել առավել հետաքրքրություն ներկայացնող եւ խոցելի խնդիրները: Լսումները բաց են հանրության համար. դրանց մասնակցում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, մասնագիտական, գիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք նաեւ տվյալ օրենքների շահառուներն են:

Անդրադարձ է կատարվել նաեւ կառավարության ներկայացրած նախագծերի քննարկումների կազմակերպմանը եւ կառավարություն-դատական իշխանություն հարաբերություններին:

ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խմբի անդամների հետ հանդիպել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Հրայր Թովմասյանն անդրադարձել է GRECO-ի նախորդ զեկույցին, որում դրական էր գնահատվել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեր երկրում անելիքները շատ են, սակայն որոշակի ոլորտներում նկատվում է բացահայտ առաջընթաց:

Խմբի անդամները Հրայր Թովմասյանի հետ քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին նորընտիր պատգամավորների գործունեությանը, պատգամավորների վարձատրության չափին, գործուղումների օրապահիկին եւ այլն:

Պարոն Թովմասյանը մանրամասն պատասխանել է ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խմբի անդամների հարցերին:

Պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մինասյանը, Արտակ Դավթյանը եւ Նաիրա Կարապետյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են կոռուպցիայի կանխարգելման արդյունավետության ապահովման մեխանիզմներին, այս հարցում իրավապահ համակարգի գործունեությանը, ոլորտի բացթողումներին: Հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման հարցում կարեւորվել է բյուջետային գրասենյակի հիմնումը: Գրասենյակն ուսումնասիրելու է բյուջետային գործընթացը, դրա վերաբերյալ անաչառ տեղեկատվություն է տրամադրելու խորհրդարանին՝ հանրությանն առավել հասանելի դարձնելով բյուջետային ծախսերը՝ նպաստելով խորհրդարանի կողմից կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Ներկայացվել են Հայաստանում ընտրական գործընթացները, ընտրական հանձնաժողովների կազմման առանձնահատկությունները, վստահված անձանց իրավունքները: Նշվել է, որ խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ էականորեն բարելավվել են, ինչի մասին խոսել են նաեւ միջազգային դիտորդները: Նշելով, որ ոլորտում դեռեւս կան անելիքներ՝ խմբակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ սահմանադրական բարեփոխումները եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձի ներկայացրած եկամուտների հայտարարագրին, դատական իշխանության բյուջետային գործընթացի կազմակերպմանը, դատական համակարգի ֆինանսավորման անկախությանը եւ այլ հարցերի:


14.04.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի ապրիլի 19-21-ը ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: ...

14.04.2015
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Լեւոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, ապրիլի 13-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Հերմինե Նաղդալյանը, ողջունելո...

14.04.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան շատ կարեւոր է եւ ճանաչողական, քաղաքական ու հանրային պատկերացումների մեծ հնարավո...

14.04.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ: Ողջունելով ԵԽԽՎ նախագահին` Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքները, գործունեության ոլորտները, օրինագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am