Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Անն Բրասերը, խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է առերեսվել պատմության հետ եւ հիշել անցյալը, սակայն ոչ թե անցյալով ապրելու, այլ ապագայում նոր սխալներ թույլ չտալու համար: «Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարեւոր է գալ ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ոճրագործություններ»,- նշել է ԵԽԽՎ նախագահը:
Այցի ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը տիկին Անն Բրասերին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից: