Ապրիլի 20-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քայիդիին եւ նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, որոնց, ըստ զրուցակիցների, կարող է նպաստել նաեւ փոխայցերի ակտիվացումը: Մասնավորապես որոշվել է, որ առաջիկա մայիսին Իրան-Հայաստան բարեկամական խումբը կայցելի Հայաստան:
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քայիդին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշել է, որ դատապարտում են տեղի ունեցած կոտորածները:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բարձր գնահատելով ԻԻՀ-ի վերաբերմունքը նման ոճրագործությունների դատապարտման եւ դրանց դեմ պայքարի հարցում, նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, եւ հետագայում այլ ցեղասպանություններ ու նման ոճրագործություններ տեղի չէին ունենա, եթե ժամանակին աշխարհը չլռեր եւ դատապարտեր այն:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: