ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 24-ին ընդունել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկային: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Ողջունելով լիտվացի իր գործընկերոջը՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Բենեդիկտաս Յուոդկային՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու եւ իր հիշատակի տուրքը մատուցելու համար Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի ակտիվացմանը եւ հանձնաժողովների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ըմթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Լիտվայի եւ Եվրամիության հիմնական խնդիրները, իսկ Արտակ Զաքարյանը՝ Հայաստանի դիրքորոշումը քաղաքական մի շարք գործընթացների վերաբերյալ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի անելիքներին եւ երկու միությունների միջեւ համագործակցության հնարավորությանը: