ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ մայիսի 6-ին շարունակել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների:
Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալներ Արմեն Գրիգորյանը եւ Տաթեւիկ Խաչատրյանը ներկայացրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը վերաբերող զեկույցները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայության արձանագրած դրական զարգացումները, նշել է, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածների տեսակցություններն իրենց հարազատների հետ կազմակերպելու համար բացվել եւ վարվում է ձերբակալվածների տեսակցությունների եւ զանգերի հաշվառման մատյան, իսկ տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կարողանում են զանգահարել իրենց հարազատներին եւ բարեկամներին: Նա նշել է նաեւ, որ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացում խցի բնակելի մասից, զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան, ձերբակալված անձանց համար նախատեսված ճաշացանկը փակցվում է համապատասխան վայրում, միաժամանակ բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու եւ կանխելու նպատակով ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո արձանագրվում է ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:
Անդրադառնալով գերատեսչության 2014 թվականի բացթողումներին եւ խնդիրներին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2014 թվականի ընթացքում ստացել է դիմում-բողոքներ եւ ահազանգեր, ըստ որոնց՝ ծառայություն բերման ենթարկված անձինք չեն ապահովվում փաստաբանով եւ իրավաբանական օգնությամբ:
Արձագանքելով զեկույցին` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Արայիկ Ավետիսյանն ընդգծել է, որ կան նկատառումներ, որոնց հետ նա համաձայն չէ, այդուհանդերձ նա չի ժխտել, որ ոլորտում առկա մի շարք խնդիրներ լուծման կարիք ունեն:
Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարությանը` Պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ 2014 թվականից սկսած` պոլիկլինիկաներում իրականացվում են զինակոչիկների պատվաստումներ, ինչի շնորհիվ հետպատվաստումային շրջանում նրանց առողջական վիճակը լիարժեք վերահսկվում է: Ոլորտում առկա ձեռքբերումներից է նաեւ ՀՀ պետական աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում փոփոխությունը: Սոցփաթեթի շահառուները տարեկան գոնե 1 անգամ պետք է որոշակի հետազորություններ անցնեն իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներում, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում նրանք կարող են արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, անդրադառնալով ոլորտում առկա թերություններին, նշել է որ 2014 թվականին եւս ձեռք է բերվել ոչ պատշաճ որակի դեղորայք, որը դժգոհություններ է առաջացրել պետական պատվերի շրջանակներում դրանք ստացող քաղաքացիների շրջանում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, արձագանքելով զեկույցում տեղ գտած թերություններին, նշել է,որ 2014 թվականի համեմատ արդեն 2015 թվականին տարվել են բազմաթիվ աշխատանքներ՝ լրացնելու ոլորտում առկա բացթողումները: Նա արձանագրել է նաեւ, որ որոշ հարցեր իրենց կողմից ուշադրության են արժանացել հենց ՄԻՊ գրասենյակի զեկույցի միջոցով:
ՄԻՊ գրասենյակի հաջորդ զեկույցը վերաբերում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության համակարգում առկա են լուրջ խնդիրներ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, ավելորդ վարչարարություն, օրենսդրական թերություններ: Նա առաջարկել է բարձրացնել ընտանիքի անապահովության համակարգի արդյունավետությունն ու հասցեականությունը, այդ թվում` վեր հանել եւ կանխել կոռուպցիոն ռիսկերը, հնարավոր չարաշահումները, ուժեղացնել վերահսկողությունը տեսուչների աշխատանքի նկատմամբ: Բացի այդ՝ ապահովել նպաստների հասանելիությունը բոլոր խոցելի ընտանիքների համար, ինչպես նաեւ համակարգի վերաբերյալ տեղեկատվական բազայի հասանելիությունը համապատասխան պետական մարմինների համար, վերանայել ընտանեկան նպաստի բանաձեւը:
Արձանագրելով ոլորտի դրական զարգացումները` զեկուցողը նշել է, որ սահմանվել է մայրության միանվագ նպաստի նոր կարգ, որի արդյունքում երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից կտրամադրվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1մլն 500 հազար դրամ: