ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցային ծրագրերի իրականացումը: Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ հանձնաժողովը կարեւորել եւ կարեւորում է Միացյալ Նահանգների հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հատկապես առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում: Պարոն Զաքարյանը նշել է, որ ՀՀ Նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներում՝ խթանելով ներդրումային ծրագրերը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող սոցիալական, հումանիտար եւ այլ ծրագրերից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի հավատարիմ ու կայուն գործընկերը, հատկապես հայ-ամերիկյան գործընկերության համար: Միացյալ Նահանգների նպատակն է տեսնել ազատ, բարեկեցիկ ու հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստան: Ռիչարդ Միլսը պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը բերել հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը եւ առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: