Մայիսի 14-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյի հետ:
Տիկին Բուքիքյոն տեղեկացրել է, որ Հայաստան այցելելու հիմնական նպատակն է ուսումնասիրել երեխաների իրավունքներին առնչվող խնդիրները, կատարել վերլուծություններ, տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման եւ վաճառքի վերաբերյալ, ինչպես նաեւ ուսումնասիրել օրենսդրական խնդիրներն այս ոլորտում:
Պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Էդմոն Մարուքյանը, կարեւորելով տիկին Բոյեր-Բուքիքյոյի այցը Հայաստան, նշել են, որ թեեւ մեր երկրում եւս կան մարդու իրավունքների խախտման նման դրսեւորումներ, այդուհանդերձ՝ դրանց քանակը մտահոգվելու տեղիք չի տալիս: Նրանց խոսքով՝ այն պահից, երբ Հայաստանը դարձել է ԵԽԽՎ լիիրավ անդամ, Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ոլորտի օրենսդրության կատարելագործմանն ուղղված հարցերի: