Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են խմբակցության անդամները, կառավարության անդամներ, համայնքների ավագանիների անդամներ եւ փորձագետներ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ առաջիկա մայիսի 17-ին Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում տեղի են ունենալու տեղական հանրաքվեներ՝ կապված համայնքների խոշորացման գործընթացի հետ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ համայնքների բնակիչների կարծիքը գործընթացի վերաբերյալ միանշանակ չէ, նրանք կարծես թե անհրաժեշտ չափով իրազեկված չեն բուն գործընթացի վերաբերյալ, կան մտահոգություններ եւ մտավախություններ:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է համայնքների խոշորացման գործընթացը եւ ընդգծել, որ բարեփոխման հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգի ներդնումն է եւ ոչ թե համայնքների միավորումը, ինչպես թյուրիմացաբար կարծում են բնակիչները: Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության սկսած պիլոտային երեք՝ «փնջային» անվանումն ստացած ծրագրերը Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, ներկայացրել համայնքների խոշորացման գործընթացից սպասվող արդյունքները, նշել գործող տեղական ինքնակառավարման համակարգի անարդյունավետությունն ու համայնքներում առկա խնդիրների պատճառները: Փոխնախարարը տեղեկացրել է, որ պիլոտային ծրագրերում ընդգրկված համայնքների բնակիչները բավական իրազեկ են գործընթացից, բազմաթիվ այցերի եւ հանդիպումների արդյունքում բնակիչների մտահոգությունները նվազել են: Ըստ փոխնախարարի՝ համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ. բարեփոխման արդյունքում ակնկալվում է ունենալ կառավարման արդյունավետ համակարգ եւ, հատկապես՝ մրցունակ ավագանի: Բացի այդ, ըստ նրա, չեն կրճատվելու աշխատատեղեր, համայնքները չեն ստանալու ավելի քիչ դոտացիա, քան այժմ: Եղած ֆինանսական միջոցները կօգտագործվեն առավել նպատակային եւ արդյունավետ, իսկ սահմանամերձ որոշ համայնքներ առանձնահատուկ կարգավիճակ կստանան: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր համայնք կունենա համայնքապետ, որը կնշանակվի:
Գործընթացի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ասելով, որ թեեւ ինքն անարդյունավետ է համարում գործող համակարգը, այդուհանդերձ՝ նման տեսքով բարեփոխմանը դեմ է: Նա նշեց, որ կողմնակից է «շրջանային» անվանումը կրող ծրագրին, որը կառավարությունը չի ընդունել:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը կարեւորել է սկսված գործընթացը, այն համարել նույնիսկ ուշացած:
Ոլորտի փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրել է միջազգային փորձը, նշել բարեփոխման կարեւորությունը:
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար եւ տեղեկացրել, որ խմբակցությունը քննարկումները կշարունակի մարզային այցերի ընթացքում եւ կկայացնի իր քաղաքական դիրքորոշումը: