ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին կազմակերպել էին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ տարիներ առաջ Հայաստանում սկսվել է իրականացվել Հայաստանի շրջափակման դեմ իրական եւ գործնական լուծումներ առաջարկող մի ծրագիր՝ այն է՝ հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը: Նա կարեւորել է ծրագրի ընթացքի վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովումը: Նշվել է, որ քննարկման ընթացքում հնարավոր կլինի պարզել ծրագրի շրջանակներում առաջիկայում ներառվելիք ֆինանսական հոսքերը եւ ակնկալվող արդյունքները:
Բացման խոսքով հանդես է եկել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա նշել է, որ ծրագրի վերաբերյալ արդեն իսկ կատարվել են շուրջ 750 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ եւ բանակցություններ են ընթանում՝ շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար ներգրավելու համար:
Ըստ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոլի՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ կապերը եւ հաղորդակցությունը, ինչպես նաեւ ինտեգրել Հայաստանը տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին: Մինչ օրս Ասիական զարգացման բանկը 330 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար է տրամադրել՝ ֆինանսավորելու ճանապարհի առաջին հատվածի աշխատանքների իրականացումը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախաձեռնված առաջին խոշարագույն ծրագիրն է, որը մեծ դերակատարում կարող է ունենալ Հայաստանի տնտեսության եւ տարածաշրջանային առեւտրի զարգացման համար: Ծրագրով նախատեսված ճանապարհային ուղիներով երկրի հարավը պետք է կապվի հյուսիսի հետ՝ նպատակ ունենալով մասնավորապես նպաստել արտաքին եւ ներքին փոխադրումների եւ առեւտրի աշխուժացմանը, հարեւան երկրների հետ հաղորդակցման դյուրացմանը, ապահովել արդյունավետ եւ անվտանգ ելք դեպի միջազգային առեւտրային շուկաներ, ինչպես նաեւ արդյունավետ կապ ապահովել երկրի հանքարդյունաբերական, տուրիստական, գյուղատնտեսական, գործարար կենտրոնների համար, նպաստել տրանսպորտային ծախսերի կրճատմանն ու ժամանակի խնայողությանը: Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դեռեւս 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին կնքված ֆինանսավորման շրջանակային համաձայնագրով կանոնակարգվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի բազմափուլ ֆինանսական գործիքի ընթացակարգերը: Ծրագրի ավարտից հետ համապատասխան որակի ճանապարհների առկայությունը, ըստ փոխնախարարի, մի քանի ուղղություններում կունենա դրական ազդեցություն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն անդրադարձել է ծրագրով փաստացի կատարված աշխատանքներին, ինչպես նաեւ ներկայացրել առաջիկա անելիքները: Նա նշել է, որ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով. այն բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավվում են տարբեր միջազգային ֆինանսական եւ դոնոր կառույցներ: Ծրագրի Արտաշատից Աշտարակ ընկած 31 կմ հատվածի բետոնյա ծածկի իրականացումն ավարտված է եւ գտնվում է փորձարկումների գործընթացում: Շինարարական գործընթացներում ամսեկան ներգրավվում են շուրջ 400 հայաստանյան մասնագետներ, սպասարկողներ եւ բանվորական անձնակազմ: Ըստ Արթուր Առաքելյանի՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը հնարավոր կլինի ավարտել մինչեւ 2020 թվականը:
Ըստ զեկուցողների՝ բանակցություններ են ընթանում Իրանի հետ՝ Իրանում նմանատիպ ճանապարհ կառուցելու հնարավորության վերաբերյալ, որը կմիանա Հյուսիս-հարավ միջանցքին եւ կապահովի միջազգային բեռնափոխադրողների հետաքրքրության բարձրացումը ծրագրով:
Զեկուցողները պատասխանել են մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառուցվող ճանապարհի որակին, ճանապարհի կառուցման ընթացքում տեղական աշխատուժի օգտագործմանը, նախագծային աշխատանքների ընտրությանը, ճանապարհի նախագծման ընթացքում այլ ենթակառուցվածքների նախատեսմանը, ճանապարհի դիմացկանությանը:
Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մինասյանը կարեւորել են հասարակության իրազեկվածությունը այնպիսի մեծ ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են ներդրումների շնորհիվ: Նշվել է, որ նման քննարկումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին, վարկային միջոցների օգտագործմանը: