National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.06.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 11

Ազգային ժողովը հունիսի 9-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի առաջարկով պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Վանաձորի համար 5 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը շարունակել է քննարկել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 

Պատգամավորները շարունակել են երկրորդ ընթերցումով քննարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ քաղաքական մեծամասնությունը հարցը քննարկել է խմբակցությունում, կողմ է քվեարկել այն օրակարգի նախագծում ընդգրկելուն: ԱԺ փոխնախագահն օրենքի նախագծի ընդունումը կարեւորել է Ընտրական օրենսգրքի եւ ՀՀ ժողովրդավարացման ու բազմակարծության համատեքստում: Նա, անդրադառնալով երկօրյա քննարկումների ընթացքում հնչած այն տեսակետներին, թե հունիսի 7-ին համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում խախտումներ են եղել, նշել է, որ ինքը Ալավերդիում մասնակցել է ընտրություններին եւ հավաստիացրել է, որ պլաստիկ քարտերով մասնակցություն չի եղել: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ այլ համայնքներում եւս հետեւել է ընտրությունների ընթացքին. խախտումներ չեն արձանագրվել, բողոքներ չեն եղել ԿԸՀ եւ տարածքային հանձնաժողովներ: Պարոն Շարմազանովի կարծիքով՝ հանրությանը չստուգված տեղեկություններով թյուրիմացության մեջ չպետք է գցել, պետք է փաստեր ներկայացնել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ «Հանրաքվեի մասին» օրենքը Ընտրական օրենսգրքի բաղկացուցիչն է: Պարոն Հակոբյանը կարեւորել է ընտրատեղամասերում ընտրացուցակների հրապարակումը եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ քննարկվում է հանրաքվեի կանոնների սահմանման հարցը: Նա նշել է, որ իրենց առաջարկները վերաբերում են այն միջոցառումներին, որոնք կապված են Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Պարոն Զուրաբյանը կարեւորել է հեռուստատեսությամբ քարոզչության ապահովումը, որը գործող օրենքով կարգավորված չէ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հիմնական առաջարկները հեղինակների կողմից չեն ընդունվել: Նա անդրադարձել է ընտրացուցակների հրապարակման խնդրին եւ հաշմանդամություն ունեցող անձի կողմից հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի առկայությանը: Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ օրենքի նախագծում գործող օրենքի համեմատ բարելավում կա: ԲՀԿ-ն կողմ չի կարող քվեարկել, իսկ դեմ եւ ձեռնպահ քվեարկելու հարցը կքննարկվի խմբակցության նիստում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ սա հեռանկարային փոփոխություն է, որի նպատակը օրենքը շտկելն է: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում խախտումներին առնչվող տեսակետներին՝ նշելով, որ ԱԺ ամբիոնը ամբոխավարությամբ զբաղվելու համար չէ: Նա կոչ է արել գործընկերներին օգտվել հավաստի աղբյուրներից:

Ամփոփիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ դրա հիմնական նպատակը օրենքի համապատասխանեցումն է 2012 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքին:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին եւ մտահոգություններին: Օրենքի նախագծի համահեղինակը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկներ ներկայացրել է միայն ՀԱԿ խմբակցությունը: Նա ընդգծել է, որ իրենք հետեւողական են լինելու իրենց մոտեցումների ընդունման հարցում:


Քննարկվում է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը

Այնուհետեւ խորհրդարանը սկսել է քննարկել «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2014 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, նշել է, որ հաշվետու տարում կանխատեսված է եղել ունենալ 5.2% տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 3.4 տոկոս՝ կապված արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ, Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների կրճատման արդյունքում տնօրինվող եկամտի աճի դանդաղման ազդեցությամբ: 2014 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ 3.4%-աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ընդ որում՝ տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերը՝ համապատասխանաբար 2.2 եւ 1.5 տոկոսային կետով, իսկ շինարարությունը 0.4 տոկոսային կետով բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա: 2014 թվականի ընթացքում միջին գնաճը կազմել է 3%, 12-ամսյա գնաճը՝ 4.6%: Գործազրկության մակարդակը կազմել է 17.6%:

2014 թվականին ծրագրային ցուցանիշների համեմատությամբ որոշակի շեղումներ են արձանագրվել նաեւ արտաքին հատվածում, մասնավորապես դանդաղել են արտահանման եւ ներմուծման աճի տեմպերը:

ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա նշել է, որ 2014 թվականին շարունակվել է տնտեսական ակտիվության ցածր տեմպերի պահպանումը, որի պարագայում տնտեսական աճը կազմել է 3.4%՝ նախորդ տարվա 3.5% տոկոսի դիմաց: Ըստ Ներսես Երիցյանի՝ տնտեսական աճի դանդաղումն էականորեն մեղմվել է տարվա ընթացքում իրականացված ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների շնորհիվ: Շարունակվել է պետական բյուջեի պակասուրդի կրճատման եւ միջին ժամկետ հատվածում պարտքի կայունության ապահովմանն ուղղված քաղաքականությունը:

Հաշվետվության վերաբերյալ ՀՀ ՎԵրահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Անդրադառնալով պետական բյուջեի եկամտային, ծախսային մասերին ու բյուջեի պակասուրդին, Սեյրան Ավագյանը նշել է, որ փաստաթղթում ամրագրված ցուցանիշներն արտացոլում են 2014 թվականի պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Փաստաթղթի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարակային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ 2014 թվականին պահպանվել են նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները, թեեւ արտաքին ազդակներն իրենց ճշգրտումներն են ունեցել ծրագրավորված որոշ ցուցանիշներում:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Այնուհետեւ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ելնելով ոլորտի առանձնահատկություններից եւ երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2014 թվականին նույնպես շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը: 2014 թ.-ին ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղվել են գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը: Նախարարը ներկայացրել է ոլորտում կատարված աշխատանքները, խոսել դրանց արդյունավետությունից: 2013-ի համեմատ 2014-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը կազմել է 7.2%: Ըստ Սերգո Կարապետյանի՝ գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճն արդյունք է պետական աջակցությամբ մի շարք առաջնահերթ ծրագրերի, որոնք հիմնականում սկսվել են դեռեւս 2011 թ.-ից:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 10-ի նիստում:

ԱԺ վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


10.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, 214 դահլիճում:Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին, 214 սրահում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am