Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկի «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը (ՔՀ օր ԱԺ-ում): Միջոցառումն իրականացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների, ԱԺ աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ եւ փոխշահավետ երկխոսությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ ԱԺ հանձնաժողովների, ՀՀ ԱԺ աշխատակազմի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կկազմակերպվեն քննարկումներ: Ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկել իրենց բացահայտած եւ վեր հանած հրատապ խնդիրներ՝ պատգամավորների հետ համատեղ հնարավոր օրենսդրական լուծումներ գտնելու նպատակով: Քննարկումներին զուգահեռ` ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին հարակից սրահում կցուցադրվեն հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ ԱԺ 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին համապատասխան տեղեկատվական նյութեր? ՔՀԿ-ների կողմից վերջին տարվա ընթացքում իրականացված ծրագրերի մասին, հետազոտություններ, վերլուծություններ եւ այլ հրապարակումներ:
Սույն նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԱԺ-ում երկրորդ անգամ՝ միտում ունենալով դառնալու նոր ձեւավորված մշակույթ ԱԺ-ի աշխատանքներում: Միջոցառման կազմակերպումն իրականացվել է հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են ՀՀ ԱԺ աշխատակազմի, քաղաքացիական հասարակության եւ ՀԱԺԱԾ-ի ներկայացուցիչներ: Միջոցառումը եւս մեկ հնարավորություն է պատգամավորների եւ ՀՀ ԱԺ հանձնաժողովների եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար քաղաքացիական հասարակության հետ կապեր ստեղծելու, արդյունավետ երկխոսություն եւ կարեւորագույն խնդիրների վերաբերյալ օրենսդրական համատեղ լուծումներ գտնելու, ինչպես նաեւ հետագա համակարգված գործընկերության կայուն շրջանակ ձեւավորելու համար: