National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.09.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը խոսել է երկու խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներում հաստատված լավ գործընկերության մասին, կարեւորել արտաքին հանձնաժողովների միջեւ կայուն եւ երկարատեւ համագործակցության հաստատումը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Լասլո Բորբելին եւս կարեւորել է երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը եւ խորացումը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցածը դժբախտություն է, որը պետք է օրինակ ծառայի մյուս ազգերի համար, որպեսզի այլեւս չկրկնվեն: Նշենք, որ պատվիրակությունը մինչ հանդիպումն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ռումինացի խորհրդարանականներն անհանգստություն են հայտնել Եվրոպական տարածաշրջանում առկա միգրացիայի առնչությամբ, խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ կարեւորել Եվրամիության գոտու սահմաններում հայ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը եւ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Խոսելով երկրի անվտանգության խնդիրներից՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում ունենալով չլուծված հակամարտություն, այդ հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հարցում գործընկերների կողմից չեն լինի այնպիսի մոտեցումներ, որոնք կխոչընդոտեն եւ կլարեն իրավիճակը: «Այն երկրները, որոնք Ադրբեջանին ուղիղ աջակցություն են ցուցաբերում կամ հենվում են միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուղղակի խոչընդոտում են խնդրի խաղաղ կարգավորումը: Մենք խաղաղության կողմնակիցներ ենք եւ ամեն ինչ անում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն ունենա հաջողություն», ասել է Արտակ Զաքարյանը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Մինսկի խումբը՝ դա հավասարակշռված մոտեցումների մի ամբողջ համակարգ է, որը խնդրին կարող է եւ պետք է տա քաղաքական լուծում:

Նշվել է, որ ՀՀ սահմանները շարունակվում են ռմբակոծվել եւ վտանգի տակ են խաղաղ բնակիչները, ինչը Ադրբեջանի ոչ կառուցողական եւ ագրեսիվ քաղաքականության արդյունք է: Սակայն, Հայաստանը շատ լավ հասկանալով, որ տարածաշրջանում խաղաղության պատասխանատուն է, ամեն ինչ անում է, որ խնդիրն ունենա խաղաղ կարգավորում: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Ռումինիայի խորհրդարանականները եւ տարբեր խորհրդարանական ձեւաչափերում աշխատող պատգամավորները եւս, խորապես հասկանալով իրավիճակը, կկարողանան համապատասխան աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռումինական տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, մշակութային համագործակցությանը:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, հնարավորություն ունի ազատ գործելու այդ շուկայում եւ ռումինացի գործարարների համար եւս կարող են գրավիչ դառնալ Հայաստանում բիզնես ներդրումները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստորագրել երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության համատեղ հուշագիր: Այս առնչությամբ Արտակ Զաքարյանը նշել է, որ կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցությունն ավելի խորացնում, վստահելի ու հուսալի է դարձնում երկկողմ հարաբերությունները: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նման փորձ ունի տարբեր երկրների խորհրդարանների հետ:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամներն անդրադարձել են երկկողմ կապերին, կարեւորել առկա խորհրդարանական համագործակցության խորացումը, մի շարք ոլորտներում ամուր կապերի ստեղծումը:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am