National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.10.2015
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին:

«Վենետիկի հանձնաժողովի մեծարգո նախագահ պարոն Ջանի Բուկիկիո,

հանձնաժողովի հարգարժան անդամներ,

տիկնայք եւ պարոնայք,

ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այստեղ, քանզի Վենետիկի հանձնաժողովն այն կառույցն է, որը կանգնած է Հայաստանի Հանրապետությունում իրավական ու ժողովրդավարական բարեփոխումների ակունքներում, որի անդամները հայաստանցի մասնագետների հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայել մեր երկրում իրավական ու ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում, որի կարծիքը չափորոշիչ է դարձել ինչպես իրավաբանների, այնպես էլ քաղաքական գործիչների համար:

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացը, որի սկիզբը դրվեց 2013 թվականին, ձեր իսկ աջակցությամբ ու մասնակցությամբ, հասնում է տրամաբանական ավարտին. այս տարվա դեկտեմբերի 6-ին մեր երկրում անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե:

Սահմանադրության առաջարկող փոփոխությունները հերթական քայլն են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության հաստատման եւ իրավական պետության կառուցման շարունակվող գործընթացում: Վստահեցնում եմ, որ դրանց իրագործումը գրեթե անհնար կլիներ առանց Վենետիկի հանձնաժողովի ակտիվ մասնակցության:

1995 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը «իշխանակենտրոն» էր՝  «անձնակենտրոն» իշխանական համակարգով: Այդ Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ Հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով:

2005 թ. կատարված սահմանադրական բարեփոխումները, կարեւոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման եւ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան ամբողջովին լուծել ,մարդակենտրոնե Սահմանադրություն եւ հավասարակշռված կառավարման համակարգ ստեղծելու խնդիրները:

Ուստի ներկայումս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակելիս համակողմանի ուսումնասիրվել է սահմանադրական զարգացումների համաշխարհային փորձը: Առավելագույնս հաղթահարվել են ներսահմանադրական բացերն ու անհստակությունները, երաշխավորվել է Սահմանադրության ինքնաբավությունը, դինամիկ, էվոլյուցիոն զարգացումը` սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման ու սահմանադրականության ամրապնդման համար:

Նախագիծն առաջարկում է անփոփոխելի հոդվածների շարքում ավելացնել նաեւ 3-րդ հոդվածը, որը որպես սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկում մարդուն եւ նրա արժանապատվությունը:

Նախագիծը շեշտում է ընտանիքի՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը՝ առաջին անգամ այն ներառելով սահմանադրական կարգի հիմունքներում:

2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխում իրականացվեցին զգալի բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ, որոնք հիմնական իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սահմանադրաիրավական հիմք են: Միաժամանակ, հիմնական իրավունքների բնագավառում 2005թ. սահմանադրական փոփոխություններն իրականացվեցին իրավունքների ու ազատությունների չտարբերակված ամրագրման տրամաբանության շրջանակներում, որի հետեւանքով սկզբունքային լուծումներ չտրվեցին իրավունքների անմիջական գործողության երաշխավորման հիմնախնդրին, քանի որ հստակ չտարանջատվեցին ու չամրագրվեցին անմիջականորեն գործող իրավունքները, ինչպես նաեւ դրանց պաշտպանության առանձնահատկությունները: Ասվածը հատկապես վերաբերում է դասական հիմնական իրավունքների եւ սոցիալական իրավունքների սահմանազատմանը:

Այս բաժնում կցանկանայի առանձնացնել նաեւ ինքնաբուխ հավաքների իրավունքը, որը սահմանվել է որպես սուբյեկտիվ իրավունք, եւ սահմանադրական մակարդակում համաչափության սկզբունքի ամրագրումը:

Առաջարկվող նախագծում արմատական վերանայման է ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրը: Դա վերաբերում է ինչպես հիմնական իրավունքների սահմանափակման հիմնական ձեւի՝ օրենքի վերապահման ամրագրմանը, այնպես էլ սահմանափակումների հիմքերին: Հատուկ կարեւորություն ունի նաեւ սահմանափակումներին ներկայացվող պահանջների հստակեցումը:

Կցանկանայի հատուկ անդրադառնալ կառավարման ձեւի փոփոխություններին: Այս փոփոխությունները, հաշվի առնելով դրանց քաղաքական բնույթը, քաղաքական շրջանակներում ամենաքննարկվածն են: Գործող՝  կիսանախագահական համակարգի բացերին ու թերություններին բազմաթիվ գիտական ատենախոսություններ ու աշխատություններ են նվիրված: Ազգային ժողովում Հանրապետության նախագահի քաղաքական թիմի բացարձակ մեծամասնության առկայության եւ ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը: Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ գործադիր իշխանության կողմից:

Հանրապետության նախագահի գործառույթների ու լիազորությունների միջեւ ապահովված չէ անհրաժեշտ համամասնականություն, առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ:

Նախագծի 4-6-րդ գլուխները նախատեսում են ժամանակակից խորհրդարանական համակարգ, որը հստակորեն իրականացնում է Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ իշխանությունների գործառութային բաժանումը, իսկ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:

Առաջարկվող փոփոխություններով առաջին անգամ սահմանվում է նաեւ Ազգային ժողովի ընտրության 100 տոկոսանոց համամասնական համակարգ:

Քանի որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության միջեւ է, նախագիծը խորհրդարանական փոքրամասնությանը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ՝ մասնակցություն ունենալ պետական իշխանության տարբեր մարմինների ձեւավորմանը, ստեղծել քննիչ հանձնաժողովներ, զբաղեցնել ղեկավար պաշտոններ Ազգային ժողովում եւ այլն:

Նախագծում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ներդնել դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր, բարձրացնել դատական իշխանության ինքնուրույնությունը եւ ինքնակառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ հստակեցնել Սահմանադրական դատարանի կարգավիճակի եւ գործառույթների հետ կապված խնդիրները:

Վերը թվարկվածները կատարված փոփոխությունների ընդամենը մի փոքր մասն են:

Մենք ուրախության ու հպարտության զգացում ենք ապրում, քանի որ առաջարկվող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքներում արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի, համապատասխանող համարվել ժամանակակից եվրոպական չափորոշիչներին:

Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են դեկտեմբերի 6-ին նշանակված՝  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը կունենանք նաեւ Սահմանադրության փոփոխություններից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հարցում:

Եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի լավ բարեկամ պարոն Ջանի Բուկիկիոյին, աշխատանքային խմբին եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր անդամներին»:


04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am