Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 18-ին խորհրդարան էին այցելել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները:
Մարզի դպրոցականները խորհրդարան էին այցելել Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ` Գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում:
Հանդիպումից առաջ այցելուները շրջել են օրենսդիր մարմնի շենքում, ներկա են եղել նիստերի դահլիճում ընթացող բյուջետային քննարկմանն ու հետեւել պատգամավորների աշխատանքին:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խորհրդարանական բաց դասին ներկա է եղել նաեւ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
Ողջունելով աշակերտներին` փոխնախագահը խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության եւ բարոյական արժեքների մասին:
Ջերմ եւ ակնկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ աշակերտներն իրենց հուզող հարցերն են հղել Էդուարդ Շարմազանովին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են արտագաղթին, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին, սահմանային լարվածությանը եւ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին:
Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: