Դեկտեմբերի 2-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու վերաբերյալ հարցը, որին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2016 եւ 2017 թվականներին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Դավթյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծում նոր ձեւակերպում է տրված էկոլոգիական մշակույթին. «հայրենական եւ համաշխարհային փորձ» անորոշ հասկացությունը փոխարինվում է արդի գիտական պատկերացումներին համապատասխանող եւ փուլային զարգացման առանձնահատկությունները հաշվի առնող սահմանմամբ: Նախագծով առաջարկվում է նաեւ լրացնել ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ ներառելով մարդու էկոլոգիայի եւ էթնոէկոլոգիայի մասին դրույթներ: Նշվել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի օրենսդրորեն առավել համապարփակ կարգավորել էկոլոգիական դաստիարակությունը եւ էկոլոգիական կրթության համար ուղենիշներ սահմանել:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: